Tert.am–ի լրագրող Վարդուհի Սիմոնյանն արժանացել է «Գրական Սըր» մրցանակի
Հենրիկ Մալյանի անվան թատրոնում երեկ երեկոյան տեղի է ունեցել «Գրական Սըր» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ մրցանակի է արժանացել նաև Tert.am—ի լրագրող, մեդիափորձագետ Վարդուհի Սիմոնյանը:
«Անտարես» հրատարակչության «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարի շնորհանդեսի շրջանակներում պարգևատրվել են նաև 2014-ին գիրքը, գրականությունն ու գրողին լավագույնս անդրադարձած լրագրողներն ու լրատվամիջոցները:
Անդրադառնալով մրցանակին՝ Վարդուհի Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում կատակելով գրել է, թե երևի արտագաղթն այնքան է խորացել, որ արդեն իրեն են մրցանակի արժանացնում։
«Ես կյանքումս ոչ մի մրցանակ չեմ ստացել, բայց որ երեկ իմացա, որ Անտարեսն ու Գրանիշը tert.am-ի իմ հարցազրույցների համար մրցանակ են տվել՝ ահագին խառնվեցի իրար։ Այնքան, որ անգամ մրցանակաբաշխության օրը շփոթեցի և երեկվա գրական սիրուն հանդեսը բաց թողեցի։ Հիմա շնորհակալության փոխարեն ստիպված եմ ներողություն խնդրել կազմակերպիչներից և որպես մեղքի թողություն՝ թույլ տալ, որ նրանք իրենց հաշվին տպագրեն իմ հարցազրույցների լավագույն ընտրանին` Անտարեսին վայել գրահրատարակչական բարձր կուլտուրայով»,– գրել է նա։










