Փասադենայում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանի հիմնարկեքը

17:41 • 26.01.15

ԱՄՆ Փասադենա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը, տեղեկացնում է Pasadena News-Star–ը։


Արարողությանը մասնակցել են հուշարձանի հեղինակ, Դիզայնի արվեստի կենտրոնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդը, Փասադենայի Հայոց ցեղասպանության հանձնախմբի խորհրդի անդամներ, քաղաքային պաշտոնյաներ, հայկական եկեղեցու և դպրոցների ներկայացուցիչներ:


Հուշարձանը կառուցված է մինիմալիստական ոճով, սակայն ունի հարուստ խորհրդաբանական նշանակություն: Այն եռոտանի է, որը խորհրդանշում է այն եռոտանիները, որոնցից Հայոց ցեղասպանության տարիներին կախել են հայ ղեկավարներին: Մտահղացման համաձայն` յուրաքանչյուր 21 վայրկյանը մեկ եռոտանու գագաթից ջրի կաթիլներ կկաթեն հատակին` տարվա մեջ կազմելով ուղիղ 1.5 միլիոն կաթիլ` խորհրդանշելով 1.5 միլիոն զոհերին:


«Մենք միասնական թիմ ենք` իրենց սերն ու ժամանակը տրամադրող մարդկանցով: Այս ծրագիրը սիրո, ներողամտության և ճշմարտության մասին է»,- ասել է Քեթրին Մենարդը:


Հուշարձանի բացման արարողությունը նախատեսվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմինˋ ապրիլի 18-ին:

Փասադենայում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանի հիմնարկեքը