Բացվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոստուդիան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն այլևս ունի իր ամբողջական կինոստուդիան, որի հանդիսավոր բացումը կայացավ այսօր: Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը նշեց, որ կենտրոնը բացվել է Համաշխարհային բանկի դրամաշնորհի միջոցով, ինչպես նաև մասամբ բուհի բյուջեով, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 132 մլն դրամ, որից բուհի ներդրումը շուրջ 13 մլն է եղել:
«Կենտրոնը կինոարտադրության ամբողջական համալիր է, իր բոլոր փուլերով հանդրձ՝ և՛ կինոնկարահանման, և՛ մոնտաժի, ձայնագրման, անիմացիոն մուլտիպլիկացիայի և այլն։ Մի խոսքով՝ այստեղ կարելի է արտադրել և ավարտել մի ամբողջ ֆիլմ»,-ասաց ռեկտորը:
Դավիթ Մուրադյանը նշեց, որ մնում է կինոստուդիայի համար բնական տարածքն ապահովել, որի համար արդեն իսկ առանձնացվել է նկուղային մասը: «Արդեն իսկ արված է համապատասխան սեկցիաներով ճարտարապետական նախագիծ և զբաղված ենք ներդրող որոնելով, որի համար 350 000 դոլարի ներդրում է դեռևս անհրաժեշտ ։ Հույս ունենք, որ կարող ենք այդ կառուցն էլ ներկայացնել առաջիկայում»,-ասաց նա:
Ռեկտորը նշեց, որ արդեն տեխնիկան օգտագործվել է և կինոստուդիայում ինստիտուտի մասին ֆիլմ է նկարահանվել, ինչպես նաև ֆիլմ է նկարվել ուսուցչի օրվա հանդիսության մասին: Նա նշեց, որ ուսանողները դիպլոմային աշխատանքները կկատարեն այս ստուդիայի օգնությամբ:
ԿԳ Նախարար Աշոտյանն իր հերթին ողջունեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողերին նման թանկարժեք ստուդիայի համար՝ նշելով, որ նախարարությունը բուհին աջակցություն է ցուցաբերել և շարունակելու է ցուցաբերել, և միայն այս տարի բյուջեով 2014-ի համեմատ 37 մլն դրամ ավելի գումար է հատկացված:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ սա հերթական միջոցառումն է, որ իրականացվում է նորարարական մրցակցային հիմնադրամի օգնության արդյունքում: Նա հիշեցրեց, որ նախարարությունը հատկացրել է 6 մլն դոլար, և 10 բուհ հնարավորություն են ստացել նորացնել բազաները։










