Իր վերջին կինոգործերի ու Հայոց ցեղասպանության մասին. Ատոմ Էգոյանի հարցազրույցը France 24-ին. տեսանյութ

23:43 • 26.01.15

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը թվային տեխնոլոգիաների միջոցով արվող հանցագործությունների, մանկական պոռնոգրաֆիայի և Հայոց ցեղասպանության մասին  զրուցել է France 24-ի եթերում:

 

Էգոյանը խոսել է իր վերջին ֆիլմերից` առևանգված երեխայի ու նրա ընտանիքի ապրումները ներկայացնող «Գերիների» մասին, ասել, որ իր կարծիքով՝ դա ավելի շատ ո'չ թե թրիլեր է, այլ սասփենս ժանրի:

 

Հարցազրույցը վարող կինոգետ Լիսա Նեսելսոնը  նկատել է, որ իր վերջին երկու ֆիլմով` «Գերիներով» և անհետացած երեք երեխաների մասին պատմող «Սատանայի հանգույցով», Էգոյանը կարծես թե բարկացրել է իր գործընկերներին, քանի որ վերջինիս կտրվածքով, որը իրական պատմության վրա է հիմնված, ոչ մի նորություն չի ասում` այդ թեմայով  արդեն առկա վավերագրական ֆիլմերից առավել:

 

Արդյո՞ք իրականությունն ավելի անհավանական է, քան հորինվածքը. հարցադրում է անում կինոգետը:

 

Էգոյանն ի պատասխան ասում է, որ իր «Սատանայի հանգույցը» նկարահանված է այն մարդկանց համար, ովքեր նույն թեմայով վավերագրական ֆիլմերը չեն տեսել: Ի տարբերություն վավերագրականների, ըստ Էգոյանի, իր մեկնությունը ցույց է տալիս  արտասովոր, անբնական հանցագործություն, փորձում հասկանալ` ինչպես քեզ պահես, երբ առնչվում ես նման անթաքույց չարիքի հետ:

 

Էգոյանի կարծիքով` իր աշխատանքը շփոթմունք կարող է առաջացնել, քանի որ շատ ժանրերի խառնուրդ է` մարդասպանության մասին առեղծվածային ֆիլմերից մինչև սարսափ:

 

Էգոյանը խոսում է նաև մեր աշխարհում ահռելի թվով մանկական պոռնոգրաֆիայի մասին, և թե որքան սարսափելի է բուն այդ փաստը:

 

Կինոգետը նկատում է, որ երկու ֆիլmում էլ Էգոյանը ներկայացնում է սարսափելի պատմություններ և չի բացահայտում եղելությունը մինչև վերջ, այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ է կատարվել իրականում:

 

Էգոյանը բացատրում է. «Դա իմ անցած ուղու հետ է կապված: Ես հայ եմ»: Աշխարհահռչակ ռեժիսորը ասում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հարմար առիթ է` խորհրդածելու, թե ինչ է տեղի ունեցել:

 

Խոսելով Թուրքիա պետության կողմից ժխտողականության մասին` Էգոյանն ասում է, թե մեր աշխարհում էլ  Հայոց ցեղասպանության օրինակով գործ ունենք մի բանի հետ, որը պետք է վաղուց  լուծում գտած լիներ, բայց այդպես չէ:

 

Էգոյանը նկատում է նաև` Արևմուտքն է, որ Թուրքիային թույլ է տալիս ժխտողական լինել: Իսկ, հարցազրույցը տալով Փարիզում`  ասում է, որ հոյակապ է գտնվել մի երկրում՝ Ֆրանսիայում, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Իր վերջին կինոգործերի ու Հայոց ցեղասպանության մասին. Ատոմ Էգոյանի հարցազրույցը France 24-ին. տեսանյութ