Կայացել է նորվեգացի պրոֆեսորի` «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

17:04 • 26.01.15

«Ֆրիտ Օրդ» խոսքի ազատության նորվեգական կազմակերպության դահլիճում «P.E.N.» ասոցիացիայի մասնաճյուղն Օսլոյում հունվարի 22-ին կազմակերպել է նորվեգացի հայտնի թղթակից, գրող, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յան Օտտո Յոհանսենի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը:


Գիրքը հնարավորություն է ընձեռում նորվեգական հասարակության ավելի լայն շերտերին ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստային տվյալներին և վերլուծական մեկնաբանություններին:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:


Առանձին ելույթներով հանդես են եկել իրավաբան Հեննե Սոֆի Գրեվեն, պատմաբան, նորվեգական առաջատար «Սիվիտա» վերլուծական կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենը, գրող և թուրքագետ Յուջին Շուլգինը:


Իր խոսքում Յան Օտտո Յոհանսենը նշել է, որ իր գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և որ այն ուղղված չէ թուրքերի դեմ, չնայած որ Թուրքիայի կողմից այն ագրեսիվորեն ժխտվում է:


Բորդ Լարսենն իր ելույթում ընդգծել է, որ հայերի հետ կատարվածը միանշանակորեն ցեղասպանություն է, որն իրավական կատեգորիա է` դրանից բխող իրավական հետևանքներով: «Հայոց ցեղասպանության իրականացումն առաջին հերթին  Օսմանյան կայսրության փլուզումից հետո թուրքական ինքնության ճգնաժամի  հոգեբանական ռեակցիան էր», - նշել է Բորդ Լարսենը:


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Հաննե Սոֆի Գրեվեն իր խոսքում նշել է. «Հայոց ցեղասպանությունը չպետք է ժխտվի:  Դա  ցեղասպանություն էր իր ամենադաժան դրսևորումներով»:


Շնորհանդեսին դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով հանդես է եկել դաշնակահարուհի Մարիամ Խառատյանը:

Կայացել է նորվեգացի պրոֆեսորի` «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը