Քրուզի ու Քիդմանի ամուսնությունը քանդել է Սայենթոլոգիայի եկեղեցին. վավերագրական ֆիլմի բացահայտումը (լուսանկարներ)
Ռեժիսոր Ալեքս Գիբնին վավերագրական ֆիլմ է նկարահանել, որում պատմվում է, թե ինչպես է Սայենթոլոգիայի եկեղեցին քանդել Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկի՝ Թոմ Քրուզի ու Նիկոլ Քիդմանի ամուսնությունը:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Going Clear վերնագրով ֆիլմի պրեմիերան կայացել է Սանդենս կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմը մի շարք ուշագրավ բացահայտումներ է անում նշված կազմակերպության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ եկեղեցու առաջնորդներն ահաբեկել են Քիդմանին, ինչից հետո ամուսինները բաժանվել են:

Going Clear-ը նկարահանվել է լրագրող Լոուրենս Ռայթի գրած գրքի հիման վրա, որում պատմվում է, թե ինչպես են Սայենթոլոգիայի եկեղեցու առաջնորդները խոշոր գումարներ շորթում իրենց անդամներից ու մշտապես վերահսկում նրանց:

Եկեեցու նախկին բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Մարթի Ռաթբանը, պատմել է, որ եկեղեցու ղեկավար Դևիդ Միսքևիջն իրեն էր հանձնարարել հոլիվուդյան զույգին բաժանելու գործը:

Նրա խոսքով՝ Միսքևիջը վտանգ է տեսել ի դեմս Քիդմանի, քանի որ նա կաթոլիկ է ու Քրուզին ինչ-որ չափով սկսել է հեռվացնել Սայենթոլոգիայի եկեղեցուց, որին դերասանն անդամակցում է արդեն երկար տարիներ:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնալուծվել է 2001թ.:











