Հույն սոխակ. РИА Новости-ի անդրադարձը Դեմիս Ռուսոսին (լուսանկարներ, տեսանյութ)
Հունվարի 26-ին միջազգային լրատվամիջոցները գուժեցին՝ 68 տարեկանում Աթենքում կյանքից հեռացել է աշխարհահռչակ երգիչ Դեմիս Ռուսոսը։
Մահվան պատճառները չեն հաղորդվում, գրում է РИА Новости-ն՝ անդրադարձ կատարելով հանրահայտ ու սիրված երգչի կյանքին։
1968-ին Հունաստանում ռազմական հեղաշրջումից հետո Ռուսոսի հիմնած Aphrodites Child խումբը տեղափոխվում է Փարիզ, որտեղ հաջողության է հասնում Rain&Tears երգի շնորհիվ։ Ռուսոսը լքել է խումբը 1971-ին՝ որոշելով զբաղվել անհատական կարիերայով։
Ընդհանուր առմամբ, Ռուսոսը թողարկել է մոտ 3 տասնյակ սկավառակ, որոնք մեծ հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում։
1980-ին Ռուսոսը կշռում էր 147 կգ։ Երգիչը բազմաթիվ դիետաներ է փորձել, սակայն քաշի ավելացումը կանգնեցնել չի հաջողվել։ 1985-ի հունիսին ինքնաթիռը, որում գտնվել է Ռուսոսն իր 2-րդ կնոջ հետ, առևանգում են ահաբեկիչները, և նրանք 5 օր անցկացնում են գերության մեջ։ Տասը ամիս անց նա կորցնում է 50 կգ քաշ։
Երգչի երկրպագուները նրան անվանում էին «հույն սոխակ»։ 1973-ին Բրազիլիայում նա հավաքում է 150.000-ոց մարզադաշտ։ Նման բարձունքի նույն մարզադաշտում հասել էր միայն Ֆրենկ Սինատրան։
Ռուսոսը 1974-ին Փարիզի մոտակայքում շքեղ բնակարան է գնել, սակայն տարվա գրեթե կեսն անցկացնում էր Հունաստանում։






























