Դերասանուհի Ջեյն Ֆոնդան կոչ է արել պայքարել Հոլիվուդում սեքսիզմի դեմ
Դերասանուհի Ջեյն Ֆոնդան հոլիվուդյան կինոբիզնեսին մեղադրել է սեքսիզմի համար: Այդ մասին դերասանուհին հայտարարել է «Սանդենս» փառատոնի շրջանակում կայացած նախաճաշին, գրում է gazeta.ru-ն:
«Ստուդիաները ղեկավարում են տղամարդիկ, նրանք աշխատանք են տալիս նրանց, ով նման է իրենց: Դա սեռի հարց է, ոչ թե փորձի»,- վստահ է Ֆոնդան:
«Պետք է ամաչեցնել ստուդիաներին սեռերի անհավասարության համար: Պետք է ապացուցել, որ մենք կարող ենք հաջողակ լինել: Պետք է ակտիվ պայքարել և կանանց բերել գլխավոր պաշտոնների՝ հիշելով, որ կանոններ չկան: Քեթրին Բիգելոուն ֆիլմ է նկարահանել տղաների համար («Փոթորկի տիրակալը»), մինչ իր նախկին ամուսին Ջեյմս Քեմերոնը նկարում էր ֆեմինիստական «Ավատարը»»,- նշել է Ֆոնդան:
Ավելի վաղ Սան- Դիեգոյի համալսարանից հետազոտական խումբը պարզել է, որ կին ռեժիսորների թիվը հայտնի հոլիվուդյան ֆիլմերի հեղինակների թվում վերջին տարիներին 9 տոկոսից նվազել է մինչև 7 տոկոս:










