Անջելինա Ջոլին Իրաքի և Սիրիայի մասին հոդված է գրել The New York Times-ում
Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին Իրաքի Քուրդիստանի Դահուկ քաղաքում փախստականների ճամբարներ այցելելուց հետո հոդված է գրել The New York Times պարբերականի համար, փոխանցում է Лента-ն։
Տեքստում ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ջոլին կոչ է անում արևմտյան հանրությանն ուշադրություն դարձնել բնակավայրերից զրկված իրաքցի և սիրիացի փախստականների խնդիրներին։
Դերասանուհին նշել է, որ 2007-ից ի վեր 5 անգամ այցելել է Իրաք, սակայն երբեք այսքան շատ տառապանք չի տեսել այնտեղ, որքան վերջին այցի ընթացքում։
Հեղինակը հիշեցրել է, որ պատերազմի 4 տարիների ընթացքում Սիրիայի 23 մլն-ոց բնակչության կեսը ստիպված է եղել լքել իր տունը, իսկ Իրաքում ավելի քան 2 մլն մարդ փախել է «հակամարտությունից և ծայրահեղական խմբավորումների ահաբեկչություններից»։
Ջոլին պատմել է, որ ճամբարում, մի վրանից մյուսն անցնելով, լսել է փախստականներին և փորձել մխիթարել նրանց։ «Սակայն նրանց պատմությունները զրկեցին ինձ խոսելու հնարավորությունից։ Այդ փախստականներն ականատես են եղել աննկարագրելի դաժանության»,- խոստովանել է դերասանուհին։
Նրա կարծիքով՝ փախստականների խնդիրների լուծումը պետք է սկսվի միջազգային հանրության ավելի ակտիվ միջամտությամբ։ Մասնավորապես, Ջոլիի կարծիքով, փախստականներին կարող են և պետք է ապաստան տրամադրեն ոչ միայն հարևան երկրները, այլև այլ պետություններ։










