Հաքերները կոտրել են Թեյլոր Սվիֆթի Twitter-ի և Instagram-ի էջերը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը Tumblr հարթակում գտնվող իր բլոգում պատասխանել է Twitter-ի և Instagram-ի իր օգտահաշիվները կոտրած հաքերներին, գրում է gazeta.ru-ն՝ Rolling Stone-ին հղումով:
Նա նշել է, որ Twitter-ը կասեցրել է իր հաշիվը գաղտնաբառերի գողության հանգամանքները հստակեցնելու համար, սակայն շուտով նրան նոր գաղտնաբառ կտրամադրեն:
Նախկինում հաքերները երգչուհու անունից հրապարակել էին հաղորդագրություն, որում կոչ էին անում Թեյլոր Սվիֆթի 51 մլն հետևորդներին հետևել նաև @lizzard և @veriuser օգտահաշիվներին, որոնք կապված են Lizard Squad հաքերային խմբի հետ:
Նմանատիպ գրառում տեղադրվել է նաև երգչուհու Instagram-ի էջում, նաև հաքերները հայտարարել են, որ իրենք ունեն երգչուհու մերկ լուսանկարները, որոնք պատրաստ են տրամադրել փոքր գումարի դիմաց:
Սվիֆթը հերքել է հաքերների այդ հայտարարությունը՝ ասելով նրանց, որ շարունակեն զվարճանալ Photoshop ծրագրով:










