Կարեն Շահնազարովն առաջարկել է հանգստյան օր դարձնել իսլամական տոներից մեկը
«Мосфильм» կոնցեռնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովն առաջարկել է հանգստյան օր դարձնել մուսուլմանական տոներից մեկը: Նման կարծիք է նա հայտնել «Русская служба новостей»-ի եթերում, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ երկրում «մեծ թվով անիմաստ տոներ կան»: «Օրինակ՝ ես չեմ ճանաչում Ռուսաստանի անկախության օրվա տոնը, այն միշտ իր անկախությունը պաշտպանել է: Ինչո՞ւ մուսուլմաններին չտալ մի օր, որը բոլորի համար հանգստյան օր կլինի»,- ասել է նա:
«Մուսուլմանները դա կգնահատեն: Մարդիկ պետք է հասկանան, որ նրանք մի երկրում են ապրում և հայրենակիցներ են»,- կարծում է Շահնազարովը:
Թե իսլամական որ տոներից մեկը պետք է ողջ Ռուսաստանում նշվի, ռեժիսորի խոսքով, պետք է որոշեն իրենք՝ Ռուսաստանի մուսուլմանները:










