Բենեդիկտ Քամբերբեթչը և Սթիվեն Ֆրայը կոչ են արել ներում շնորհել 49.000 միասեռականի
Դերասաններ Բենեդիկտ Քամբերբեթչը և Սթիվեն Ֆրայը բաց նամակ են հղել բրիտանական կառավարությանը՝ խնդրելով ներում շնորհել 49.000 մարդու, ովքեր 20-րդ դարում դատապարտվել են միասեռականության համար, գրում է Обозреватель-ը։
Նամակը ստորագրել են նաև հայտնի բրիտանացի մաթեմատիկոս Ալան Տյուրինգի ընտանիքի անդամները։ Վերջինս 1952-ին ենթարկվել էր քրեական հետապնդման՝ այն ժամանակ մի երիտասարդի հետ անօրինական կապի համար։
Գիտնականը ենթարկվել էր քիմիական կրտման և ինքնասպանություն գործել 2 տարի անց։ Միայն 2013-ին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հատուկ հրամանով, Տյուրինգին հետմահու ներում է շնորհվել։
«Ալան Տյուրինգի ներումը կարելի է միայն ողջունել, սակայն դեռևս կա մոտ 49.000 մարդ, ովքեր դատապարտվել են այդ նույն օրենքով, նրանցից շատերն ինքնասպանություն են գործել։ Նրանցից մոտ 15.000-ը դեռևս ողջ են»,- ասվում է նամակում։










