«Արարատի հուշը». իսպանացի ճանապարհորդ-գրող Խավիեր Մորետի նոր գիրքը «բաց վերք ունեցող» Հայաստանի մասին

23:02 • 31.01.15

Իսպանացի գրող և լրագրող Խավիեր Մորետը, ով մասնագիտանում է ճանապարհորդությունների ոլորտում, գիրք է գրել Հայաստանի մասին:


«Արարատի հուշը» խորագրով 284 էջանոց գիրքը, որը լույս կտեսնի 2015-ի փետրվարի 5-ին, ճանապարհորդություն է դեպի Հայաստան, մի երկիր, որը բաց վերք ունի` 1915-ի Հայոց ցեղասպանությունը, որի 100-րդ տարին է լրանում:

Ինչպես գրում է todoliteratura.es  պարբերականը` «սա ճանապարհորդություն է` փնտրելու Հայաստանի արմատները`    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այն սկսվել է ուղևորությունից շատ ավելի վաղ` հայոց մշակույթի գիտակցմամբ, որին, առանց ենթադրելու,  ծանոթ ենք վաղուց` Արշիլ Գորկու, Շառլ Ազնավուրի, Ատոմ Էգոյանի, Ուիլյամ Սարոյանի, System of a Down խմբի երաժիշտների միջոցով: Սա Հայաստանն է, որը միջազգային ասպարեզում ճանաչում է ձեռք բերել Սփյուռքի հայերի շնորհիվ, որոնք թվաքանակով ավելին շատ են, քան այս հինավուրց երկրում բնակվող 3 միլիոնը:


Դուրս գալով մայրաքաղաք Երևանից և այցելելով Գեղարդ, Խոր Վիրապ, Տաթև ու Հաղպատ զարմանահրաշ վանքերը, ինչպես նաև` լինելով Էջմիածնում (հայոց Վատիկանը), Սևանա լճում և Լեռնային Ղարաբաղում, որը 20 տարի առաջ պատերազմի դաշտ էր, Խավիեր Մոնետը խորությամբ ուսումնասիրել է Արարատի կարոտով ապրող երկիրը` Արարատի, մի լեռան, որի վրա կանգ է առել Նոյան տապանը համաշխարհային ջրհեղեղից հետո, ամեն հայկականի սկիզբն ու վերջը, որը, սակայն, պատմության հեգնանքով, գտնվում է Թուրքիայում:

 

Սա նաև ճամփորդություն է ցավոտ վերքի միջով, որը դեռ ողջ է, 1915-ի ցեղասպանության վերքի, որն ավարտվեց Թուրքիայի տարածքում բնակվող միլիոն ու կես հայի մահվամբ: Հայաստանի քաղաքացիների երկու երրորդ մասը այդ կոտորածի զոհերի ժառանգներն են, կոտորած, որը շատ վառ է բոլորի հուշերում` լի   կարոտի, հպարտության ու ցավի զգացումներով»:


Լրագրող և գրող Խավիեր Մորետը ծնվել է Բարսելոնայում` 1952 թվականին: Որպես լրագրող աշխատել է տարբեր պարբերականներում և հեռուստատեսությունում, իսկ 2006-ից հանդիսանում է El Periódico պարբերականի ճանապարհորդ լրագրողը, ով,  ճանապարհորդելով 5 մայրցամաքում, գրում է իր այցելած երկրների մասին:

 

 



 

«Արարատի հուշը». իսպանացի ճանապարհորդ-գրող Խավիեր Մորետի նոր գիրքը «բաց վերք ունեցող» Հայաստանի մասին