«Երաժշտություն հանուն խաղաղության» երաժիշտները համերգներ կունենան ՀՀ–ում և ԼՂՀ–ում

12:50 • 02.02.15

Հակամարտության գոտիներում բնակվող երիտասարդ երաժիշտներին աջակցություն ցուցաբերող և երաժշտության միջոցով միջմշակութային համագործակցությունը խթանող «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի երաժիշտները Հայաստանում են:


Նախաձեռնության հեղինակները Հայաստանում և Արցախում հանդես կգան մի շարք համերգներով և վարպետության դասերով՝ բացահայտելով նոր տաղանդների:


«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագիծն Հայաստան են հրավիրել Արամ Խաչատրյանի անվան տրիոն և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը:


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի  Արմինե Գրիգորյանն ընդգծեց, որ նախագիծն առաջին անգամ չէ, որ անցկացվում մեր երկրում:


«Մեր հյուրերից մի քանիսն արդեն երկրորդ անգամ են այցելում այստեղ: Համերգներով և վարպետության դասերով նախորդ այցի ընթացքում հանդես են եկել Երևանում, Հայաստանի մարզերում և Ստեփանակերտում: Նախագծի երաժիշտները հանդես են գալիս այն երկրներում, որտեղ կան հակամարտություններ, պատերազմներ: Նրանք աջակցում են այն շնորհալի երեխաներին, որոնց ընտրում են վարպետության դասերի ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արմինե Գրիգորյանը:


Նա ընդգծել է, որ «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի երաժիշտներն այս այցի ընթացքում համերգներով հանդես կգան Երևանում, Էջմիածնում և Ստեփանակերտում:


Նախագծի համահիմնադիր, սաքսաֆոնահար Վիտալի Վատուլյան նշել է, որ հայկական կողմը մեծ աջակցություն է ցուցաբերում նախագծի իրականացմանը:


«Երբ առաջին անգամ Բեսլանում պետք է ելույթ ունենայինք, չգիտեինք, թե ինչ արձագանք կլինի: Համերգի ավարտին մեզ էին մոտենում մարդիկ արցունքոտ աչքերով: Որտեղ էլ եղել ենք՝ արձագանքը նույնն է: Երաժշտությունը սահմաններ չունի՝ կապ չունի, թե որ լեզվով ենք խոսում և որ կրոնն ենք դավանում»,- ասել է նա:


Նախագծի համահիմնադիր դաշնակահարուհի Մարիա Նեմցովան նշել է, որ երազում էր լինել Հայաստանում: 


«Մեզ համար շատ հաճելի է այստեղ հանդես գալ: Կբացահայտենք նոր տաղանդների: Նախագծի գաղափարն առաջացել է չորս տարի առաջ: Արդեն հասցրել ենք այցելել 15 երկիր»,-նշել է նա:


«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագիծը ստեղծվել է 2011 թվականին: Աշխարհի տարբեր երկրներում արդեն իրականացվել են մի քանի հարյուր իրադարձություն: 

«Երաժշտություն հանուն խաղաղության» երաժիշտները համերգներ կունենան ՀՀ–ում և ԼՂՀ–ում