Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Տատյանա Դանիլյանցի ցուցահանդեսը

14:40 • 02.02.15

Հայաստանի ազգային պատկերասրահում փետրվարի 3-ին կբացվի նկարիչ, քանդակագործ, կինովավերագրող և բանաստեղծ Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» խորագիրը կրող ցուցահանդեսը:


«Արմենպրես»-ին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 15-ը:
Ցուցահանդեսը ներառում է նկարչուհու հեղինակած գեղարվեստական լուսանկարների և մուրանյան ապակու քանդակների` «Վենետիկ. ջրի երեսին» և «Ռուսական հոգի» խորագրերով ցուցադրությունները, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Արվեստագետի ստեղծագործությունները  ֆիզիկական և մետաֆիզիկ լույսի` կյանքում ունեցած դրսևորումների արտահայտություններ են:


«Վենետիկ. ջրի երեսին» խորագրով ցուցադրությունը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` գոնդոլի և քաղաքի յուրահատուկ ջրային, արտացոլվող տարածության մեջ լույսի և գույնի առկայության մասին: Ռուս հայտնի արվեստի քննադատ Վիտալի Պացյուկովի խոսքով «…ստեղծելով նոր տեսողական-տեղեկատվական կերպար` Տատյանա Դանիլյանցի լուսանկարները արդիականացնում են «ռուսական ոչ-առարկայականության» ավանդույթը, բայց արդեն ոչ ավանդական, այլ`բազմերանգ եղանակով»: Տատյանա Դանիլյանցի անդրադարձը քաղաքա յին միջավայրի այնպիսի «առարկայի» գեղարվեստական վերաիմաստավորմանը, ինչպիսին է նավակը, նոր շունչ է հաղորդում այդ հրաշալի քաղաքի պատկերագրությանն ու նրա միջավայրին:


«Ռուսական հոգի» ցուցադրության մեջ` ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն), դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց խոսակցության «առարկա», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի` միավորելով Իտալիան և Ռուսաստանը:


Ահա թե ինչ է ասել ցուցադրության մասին հանրահայտ իտալացի համադրող Ադրիանո Բերենգոն. «Դանիլյանցի աշխատանքների մի մասը գրեթե վավերագրական է և աչքի է ընկնում իր հայրենակիցների կյանքի, նրանց սովորությունների և ապրելակերպի նկատմամբ ոչ ավանդական մոտեցմամբ, մինչդեռ մուրանյան ապակուց պատրաստված նրա գործերը կամուրջ են գցում դեպի իտալական մշակույթը և Վենետիկի բնակիչները: Հենց այդ պատճառով է, որ ես կընդարձակեի ցուցահանդեսի անվանումը և չակերտների մեջ կավելացնեի «աշխարհի հոգի», որպեսզի ընդգծվեր կապը մարդկանց միավորող համաշխարհային հ ոգու հետ. չէ՞ որ հեղինակը հենց դրա մասին է խոսում»:

Նկարիչ, քանդակագործ, կինովավերագրող և բանաստեղծ Տատյանա Դանիլյանցը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում և Վենետիկում:

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Տատյանա Դանիլյանցի ցուցահանդեսը