Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ընդգրկվել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայում

10:56 • 03.02.15

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ: 


«Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հայտնել է, որ որոշումը կայացվել է ասոցիացիայի ժողովի ընթացքում, որին հայկական կողմը մասնակցել է վիրտուալ կերպով՝ արդի տեխնոլոգիաների միջոցով:


«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն արդեն պաշտոնապես կանդամակցի Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիային: Ասոցիացիան գործում է մի քանի տարի, այն ղեկավարում է Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման նախկին տնօրեն Միխայիլ Բրիզգալովը, որն այժմ աշխատում է ՌԴ մշակույթի նախարարությունում»,-նշեց նա:


Թանգարանի տնօրենի խոսքով՝ ասոցիացիային  անդամակցելու շնորհիվ համագործակցության եզրեր կառաջանան այլ երաժշտական թանգարանների հետ:


«Տարվա կտրվածքով իրենք կազմակերպում են սեմինարներ, այցելություններ թանգարաններ: Նոր ցուցադրություններ կունենանք, թանգարանի աշխատակիցների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ: Ասոցիացիան ունենալու է պաշտոնական կայք, որում ընդգրված են լինելու բոլոր անդամ-թանգարանները: Այնտեղ կներկայացվեն թանգարանի ստեղծման պատմությունը, հավաքածուները, կլուսաբանվի գործունեությունը: Կայքը մեր թանգարանի համար շատ լավ գովազդային միջոց կծառայի»,-հավելեց Արմինե Գրիգորյանը:


Նրա խոսքով՝ ասոցիացիայում Ադրբեջանից արդեն երկու թանգարան էին ընգրկված, ևս մեկը` Վրաստանից:


«Մենք առաջին թանգարանն ենք, որ ներկայացնում ենք Հայաստանը»,-եզրափակեց նա:


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978 թ.: 1984 թ.հունվարի 23-ին բացվել է  տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ընդգրկվել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայում