Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը կհնչի Ստամբուլի փառատոնում
Ստամբուլի Մշակույթի ու արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպվող Ստամբուլի 43-րդ երաժշտական փառատոնը տեղի է ունենալու մայիսի 31-ից հունիսի 29-ը. տեղեկացնում է CNNturk-ը:
Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում փառատոնի տնօրեն Եշիմ Գյուրեր Օյմաքը նշել է, որ փառատոնի ընթացքում երաժշտասերները սիմֆոնիկ համերգների հարուստ ընտրություն են ունենալու:
Փառատոնի ընթացքում հնչելու են նաև հայ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գործերը:
«Մանսուրյանը գրեթե 1000 տարվա պատմություն ունեցող հայկական երաժշտության արդի տարրերն ու հին ավանդույթները միավորող տեխնիկա ու երաժշտական գիտելիքներ ունի, ինչը նրան դարձնում է մեր օրերի ամենայուրօրինակ հեղինակներից մեկը: Ալտի և դաշնամուրի համար գրված նրա ստեղծագործության պրեմիերան կայանալու է հունիսի 10-ին՝ Սուրբ Որդվոց եկեղեցում:
Հուսով ենք՝ այդ ստեղծագործությունը 1915-ին մեր հայ եղբայրների ապրած ողբերգության ու կորուստները միասին հիշատակելու համար առիթ կդառնա»,-ասել է նա:










