Ֆաթիհ Աքընն իր «Սպի» ֆիլմը կներկայացնի Մոսկվայում

11:47 • 03.02.15

Ազգությամբ թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընն այսօր Մոսկվայում կներկայացնի իր նոր «Սպի» (The Cut) ֆիլմը, որը ներառվել է 71-րդ Վենետիկյան կինոփառատոնում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Մարս Մեդիա» կինոընկերության մամուլի ծառայությանը։

 

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է 7 երկիր՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Լեհաստան, Թուրքիա և Ռուսաստան։ Ռուսական կողմից պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը։

 

Ֆիլմը պատմում է 1915-ի իրադարձությունների մասին։ Հայոց ցեղասպանության ընթացքում գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանը կորցնում է ընտանիքը։ Տարիներ անց իմանում է, որ իր երկվորյակ աղջիկները, հնարավոր է, ողջ են։ Նազարեթը սկսում է նրանց որոնել և հայրենի Մարդին գյուղից հասնում է մինչև Հավանա և Հյուսիսային Դակոտա։

 

«Ես ֆիլմի վրա աշխատել եմ 7 տարի։ Ես չեմ ստեղծել ֆիլմ ցեղասպանության մասին։ Ընդամենը պատմում եմ մի հայ մարդու պատմություն, ով ոչինչ չգիտեր քաղաքականության մասին։ Ես սկսեցի այս ճանապարհորդությունը՝ տալով ինձ մի հարց՝ կկարողանա՞ այս ֆիլմը դառնալ կամուրջ, կկարողանա՞ միավորել բոլոր նրանց, ովքեր ընդունում կամ չեն ընդունում Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը»,- ասել է ռեժիսորը։

 

Ֆիլմի վրա աշխատել է ազգությամբ հայ սցենարիստ Մարդիկ Մարտինը։ Ֆիլմը ռուսական վարձույթում կհայտնվի փետրվարի 19-ին։

Ֆաթիհ Աքընն իր «Սպի» ֆիլմը կներկայացնի Մոսկվայում