«Նոր ալիք» մրցույթն այս տարի Յուրմալայում չի անցկացվի. քաղաքապետ Գատիս Տրուկսնիս
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթն այս տարի չի անցկացվի Յուրմալա քաղաքում, թեև պաշտոնական հրաժարական կազմակերպիչներից դեռ չի ստացվել, հայտարարել է քաղաքապետ Գատիս Տրուկսնիսը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ներկայիս ձևաչափով «Նոր ալիք» մրցույթը վերջին տարիներին սկսել է սպառել իրեն։ Այդ պատճառով էլ հնարավոր է, որ Սոչիում մրցույթը նոր շունչ կստանա, իսկ Յուրմալան կկարողանա «ապացուցել», որ կախված չէ մեկ-երկու միջոցառումներից։ Այս տարի մրցույթը Յուրմալայում չի անցկացվի»,- ասել է Տրուկսնիսը։
Ռուս և արտասահմանցի աստղերի մասնակցությամբ «Նոր ալիք» մրցույթն անցկացվում է 2002-ից Յուրմալայում։ Անցած տարի հայտնի էր դարձել, որ մրցույթը տեղափոխվում է Սոչի։










