Վերադարձ դեպի գիրքը. թե ինչ գրքեր են նախընտրում նվեր ստանալ ընթերցողները
Նախորդ տարվա համեմատ այս տարի «լայքերը» շատ արագ են հավաքվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը` անդրադառնալով Գիրք նվիրելու օրվան` փետրվարի 19-ին ընդառաջ «Անտարես» հրատարակչության կողմից կազմակերպած ակցիային:
Խմբագիրը հայտնեց, որ դեռ երեկ է համաշխարհային գրականության մասով ակցիան հայտարարվել, և գիշերվա դրությամբ արդեն 51 հոգի ապահովել են համապատասխան քանակի հավանությունները: Հիշեցնենք, որ ակցիան հնարավորություն է տալիս ընտրել գիրքը, տեղադրել ֆեյսբուքյան էջի համապատասխան հղումը (share), և ստանալով 300 ու ավելի հավանություն (like) փետրվարի 19-ին այդ գիրքը նվեր ստանալու համար: Գրքերը նվեր կստանան առաջին 50 մասնակիցները, ովքեր կապահովեն համապատասխան քանակի հավանություններ:
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ չնայած նրան, որ հրատարակվում են նոր գրքեր, նոր թարգմանություններ են լինում, սակայն ընթերցողների ճաշակը և նախընտրելի հեղինակները հիմնականում չեն փոխվում: Նա հայտնեց, որ մասնակիցներն ամենից շատ ցանկանում են ունենալ Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» գիրքը, միշտ պահանջված Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը», Ստենդալի «Կարմիրը և Սևը» և Ջորջ Օրուելի «1984»-ը, Ալեքսանդր Դյումա -որդու «Կամելիազարդ տիկինը»: Ի դեպ, այդ 51 հոգուց մեծամասնությունը ` յոթ հոգին, նախընտրել է «1984»-ը: «Այս պահին դեռևս ընթացքի մեջ է «Հայ դասական և ժամանակակից գրականություն» ալբոմի ակցիան»,- ասաց նա:
Նա նշեց, որ դիմումները շատ են և հնարավոր չէ հաշվել: «Կարևորը գրքի շրջանառությունն է և բացի նրանից, որ մարդիկ «լայքեր» են անում, նաև բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր հարցնում են, թե որտեղ են վաճառվում այդ գրքերը: Այսինքն՝ այս ակցիան նպաստում է, որ նրանք իմանան գրքի մասին, ինչպես նաև ակցիան ընթերցողին անսահմանափակ զեղչով գիրք ձեռք բերելու հնարավորություն է տալիս»,- ասաց նա:
«Անտարես»-ի գլխավոր խմբագիրը հայտնեց, որ անցած տարի այս ակցիայի շրջանակներում 200 գիրք են նվիրել: «Ակցիայի մասնակիցների հիմնական ակտիվ զանգվածը երիտասարդներ են: Այնուամենայնիվ հասարակությունն այսօր էլ կարդում է: Համակարգիչը խանգարելով ընթերցանության տարածմանը շուտով դառնում է ընթերցանության ամենակարևոր բաղկացուցիչը, որովհետև մտնում է նաև համակարգչով կամ տարբեր սարքերով կարդալու մշակույթը: Ես կարծում եմ, որ վերադարձ դեպի գիրքը քիչ-քիչ կայանում է»,- ասաց նա:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ իրենք համագործակցում են «Անտարեսի» հետ և ընթերցանության տարածմանն ուղղված իրենց ջանքերը որոշակի արդյունք են տալիս: Նա նշեց, որ «Անտարեսը» շատ լավ աշխատանք է տանում և գրողները սատարում են նրան: Ի դեպ, փետրվարի 19-ին իրենց կողմից ևս գրքի քարոզչություն, դպրոցների հետ հանդիպումներ են լինելու:
Ինչ վերաբերում է գիրք նվիրելու մշակույթին, ապա նա ասաց, որ ամեն մարդ պետք է սկսի իրենից` ինքը գիրք նվիրի և ոչ թե սպասի, որ իրեն գիրք նվիրեն: «Մենք պետք է գիրք նվիրենք, գիրքը՝ որպես արժեք, մեր կյանքի կարևոր բաղադրիչ ներկայացնենք»,- ասաց նա:
Գրողների միության նախագահը նշեց, որ բազմաթիվ հանդիպումները, միջոցառումները ցույց են տալիս, որ գրքի, գրականության հանդեպ կա այսօր ուշադրություն և պետք է կարողանալ լավ գիրքը մատուցել, լավ գրողներին ներկայացնել: Նա կարծում է, որ գիրքը և համակարգիչը չպետք է հակադրել, քանի որ շատ ժամանակ մարդիկ համակարգչով էլ են կարդում:
Ինչ վերաբերվում է ժամանակակից գրողների նկատմամբ պահանջարկ չլինելուն, ապա նա ասաց. «Ժամանակակից գրողների նկատմամբ մեզանում կա քսան տարուց ավելի թերահավատություն: Մենք սիրում ենք դասականներին, կռապաշտության աստիճանի բարձրացնում ենք, սակայն ապրողներին թերագնահատում ենք, այս բարդույթը մեզանում կա: Մեր լավ գրողները մահանում են, հետո սկսում ենք մեծարել նրանց»: Նա նշեց, որ մենք պետք է նախ կարդանք մարդկանց գրվածքները, որպեսզի կարողանանք հստակ, ճշգրիտ դատել:
Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այսօր որոշ գրողների գործեր թարգմանվում են տարբեր լեզուներով, տարբեր երկրներում հրատարակվում են, շնորհանդեսներ, հանդիպումներ են լինում, և պետք է այդ ամենը լուսաբանվի: Նա հավելեց, որ առաջիկայում նախատեսել են ժամանակակից գրողներին ներկայացնելու ծրագիր իրականացնել:
Կինովավերագրող, լրագրող Վարդ Սիմոնյանը, ով ևս մասնակցել է «Անտարեսի» ակցիային և ցանկանում է ունենալ Ռոբերտո Էկո` «Վարդի անունը» գիրքը, նկատեց, որ այսօր ամբողջ աշխարհում ահռելի տեմպերով ընկել է թղթի կրիչով գրքի վաճառքը, ծիծաղելի տպաքանակների հասել։ «Ես չէի ասի, թե մենք գիր, ղալամ ու դավթար չսիրող խալխ ենք. չարժե հիմա էլ սրանով մեզ կոմպլեքսավորել»,- ասաց նա:
Վարդ Սիմոնյանը նշեց, որ պետք չէ ողբալ, որ մենք երկուսուկես գրախանութ ունենք. «Աշխարհի բոլոր գրախանութների վիճակագրությամբ այնտեղ բեստսելերներն են ամենաշատը վաճառվում: Իսկ գրական լուրջ ճաշակ կարելի է ստեղծել միայն լավ գիրք նախընտրողների դիկտատով, այսինքն՝ մենք ինտերնետային գրախանութներին պիտի զարկ տանք, ուր փոքր տիրաժներով, բայց լուրջ գրականություն կգոյանա և կտարածի»:
Նա նշեց, որ տեղում նստած թղթից գիրք կարդալն ամենամեծ հաճույքն է, բայց այսօր դա մեծ շռայլություն է դարձել, և քչերը կարող են իրենց թույլ տալ։ «Դրա համար էլ մարդն այսօր գերադասում է գիրք կարդալու փոխարեն լսել այն աուդիոգրքի տարբերակով կամ այն վայելել ապրելուն զուգահեռ՝ մի քանի տեղեկատվական տարածքներից չկտրվելով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Անտարեսի» ակցիային` նա ասաց. «Անտարեսը համարյա գրահրատարակչական բում արեց երկրում։ Այս պահին ես էլ եմ ֆեյսբուքում միացել նրանց կազմակերպած 300 «լայքով» գիրք ձեռք բերելու ակցիային և, իմիջիայլոց, քիչ հետո արդեն առանց լցոնումների կհաղթեմ այս ազատ, արդար և թափանցիկ ընտրություններում»,- ասաց նա:
Չնայած դրան` նա զարմանալի համարեց, որ երկու օր առաջ, երբ ֆեյսբուքի համարյա 5 հազար իր ընկերներին առաջարկեց ղարաբաղցի-հայաստանցի վտանգավոր ռումբը ֆեյսբուք գցելու փոխարեն հերթափոխով այցելել Արցախ, ընդամենը երկու հոգի ցանկություն հայտնեցին միանալ: «Արդեն մտածում էի միգուցե տեխնիկական խնդիր է և գրառումներս չեն երևում, բայց այս ակցիային մասնակցող իմ ստատուսը այս վարկածը հանեց և ազնիվ ասած՝ ահագին էլ տխրեցի մոտալուտ հաղթանակի շեմին»,- ասաց նա:
Նա հայտնեց, որ վերջին օրերին բոլորին Սամվել Մկրտչյանի տաղանդավոր թարգմանություններն է նվիրում, այն էլ՝ ոչ իր կամքով: «Գիրք նվիրելն ինձ համար հոգեբանորեն ահագին ծանր բան է։ Բայց քանի որ գալիս, տանս տեսնում են ինձ նվիրած նրա գրքերը, ուզում են տանել կարդալ, ստիպված գնացել գնել եմ, որ Սամվելի նվիրածն անձեռնմխելի մնա։ Իսկ գրքի վերջին գնումներս, ուղղակի փառահեղ էին՝ մեր այգու հին տաղավարից գտա 91 թվականին Ապոլլոն հրատարակչության լույս աշխարհ բերած արտասահմանյան գրականության շուրջ 10 հատորը և այդ ամբողջը գնեցի ընդամենը 2 հազար դրամով։ Ասեմ, որ չի բացառվում, որ այդ գրքերը վարակված են տարբեր հիվանդություններով, որպեսզի մեր սիրելի «Անտարեսի» գործին չխփեմ»,- ասաց նա:










