Դամասկոսում կայացել է դեսպան Արշակ Փոլադյանի՝ Ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը
Դամասկոսում տեղի է ունեցել դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանի «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ականատեսներ» գրքի շնորհանդեսը:
Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, Արշակ Փոլադյանի արաբերեն գրքի շնորհանդեսին ներկա են գտնվել բարձրաստիճան անձինք, պատգամավորներ, հոգևոր առաջնորդներ, մտավորականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման կազմակերպիչը եղել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման Սիրիայի մարմինը, աջակցել է Սիրիայի մշակույթի նախարարությունը:
Սիրիայում ՀՀ դեսպանի գիրքը ներկայացրել է դոկտոր Նորա Արիսյանը, ով կարևորել է գրքի ստեղծումը՝ արաբ ընթերցողին Հայոց ցեղասպանությանը ծանոթացնելու առումով:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև դեսպան Փոլադյանն ու Սիրիայի մշակույթի փոխնախարարը:
Միջոցառման փակման խոսքով հանդես է եկել Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Միջոցառման ավարտից հետո դեսպանը մակագրել ու գրքեր է նվիրել ներկաներին:










