Ռեժիսոր Աքընը Մոսկվայում պատմել է, թե ինչու է որոշել ֆիլմ նկարահանել Ցեղասպանության մասին

10:22 • 04.02.15

Ազգությամբ թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ով երեկ Մոսկվայում ներկայացրել է իր նոր «Սպի» ֆիլմը  Հայոց ցեղասպանության մասին, РИА Новости-ի թղթակցին պատմել է, թե ինչու է որոշել դիմել մի թեմայի, որն իր հայրենիքում արգելված է, և ինչ արձագանք է հետևել ֆիլմին։

 

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է 7 երկիր՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Լեհաստան, Թուրքիա և Ռուսաստան։ Ռուսական կողմից պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը։

 

«Ես որոշեցի նկարահանել այս ֆիլմը, քանի որ ինձ համար հարմարավետ չէր այն իրավիճակը, որը ստեղծվել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, որի մասին արգելված է խոսել։ Որպես արվեստագետ` ես կարծում էի, որ դա սխալ է և որոշեցի բարձրացնել այդ հարցը՝ քննարկում ստեղծելու համար»,- պատմել է ռեժիսորը։

 

Նրա խոսքով՝ շատ երիտասարդներ Թուրքիայում չգիտեն, թե ինչպիսի սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել 100 տարի առաջ։ «Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, սակայն այնտեղ գոյություն ունի արդեն քաղաքացիական շարժում, որն աճում է ու աճում։ Միգուցե, իմ ֆիլմն էլ իր լուման կներդնի նրանում, որ այս շարժումն ավելի բազմամարդ դառնա»,- նշել է Աքընը։

 

Ֆիլմի պրեմիերան կայացել է Ստամբուլում դեկտեմբերին, իսկ Երևանում ֆիլմը ներկայացվել է հունվարի 30-ին։ «Թուրքիայում պրեմիերան հրաշալի էր և տխուր միաժամանակ։ Հրաշալի, քանի որ ֆիլմից հետո մարդիկ կիսվում էին տպավորություններով, քննարկում, իսկ տխուր՝ քանի որ մենք չէինք կարողացել պայմանավորվել կինոթատրոնների հետ լայն վարձույթի մասին։ Մարդիկ վախենում էին սադրանքներից և բախումներից»,- ասել է Աքընը՝ նշելով, որ ֆիլմը ցուցադրվել է 24 կինոթատրոններում։

 

Ռեժիսորի խոսքով՝ Երևանում ֆիլմը ջերմ են ընդունել, հայերն այլ կերպ են սիրում այս ֆիլմը։

 

Ֆիլմը պատմում է 1915-ի իրադարձությունների մասին։ Հայոց ցեղասպանության ընթացքում գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանը կորցնում է ընտանիքը։ Տարիներ անց իմանում է, որ իր երկվորյակ աղջիկները, հնարավոր է, ողջ են։ Նազարեթը սկսում է նրանց որոնել և հայրենի Մարդին գյուղից հասնում է մինչև Հավանա և Հյուսիսային Դակոտա։
 

Ռեժիսոր Աքընը Մոսկվայում պատմել է, թե ինչու է որոշել ֆիլմ նկարահանել Ցեղասպանության մասին