Սան Պաուլոյի հանդիսատեսը ապրիլին կդիտի բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի«1915» ներկայացումը

11:54 • 05.02.15

Բրազիլացի հանդիսատեսը այս տարվա ապրիլին կրկին առիթ կունենա դիտելու բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի գրած «1915» ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչն է բրազիլացի ռեժիսոր Ռոժերիո Ռիզարդին։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դերասան Արթուր Հարոյանը, «GRUPO ARCA» («Տապան») թատերական խմբի այս ներկայացումը հաջողություն է ունեցել դեռևս 2012 թվականին, երբ առաջին անգամ լատինամերիկյան բեմից խոսվել է Հայոց ցեղասպանության մասին։


Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Լատինական Ամերիկայի ամենամեծ քաղաքի՝ Սան Պաուլոյի հանդիսատեսը նույնպես կարող է դիտել աշխարհի բոլոր ժողովուրդներին սպառնացող ու դեռևս անպատիժ մնացած մեծագույն հանցագործության գեղարվեստական բեմադրությունը ամեն չորեքշաբթի և հինգշաբթի։


«1915»-ը պատմական, դրամատիկական և գեղարվեստական տարրերի ամբողջություն է՝ գրավիչ և արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ: Պիեսը դրամատիկ են դարձնում ջարդի ժամանակ Անուշի և թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Անուշի հոր` Վանի քաղաքապետ Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին: Իսկ չորս այրիների կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ և ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը:


Պիեսի հիմքում նաև ընկած են ցեղասպանությունից փրկված հայերի իրական երկխոսություններ և մենախոսություններ: Կան նաև իրական կերպարներ, որոնցից մեկը ամերիկյան դիվանագետ Հենրի Մորգենթաուն է, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Սան Պաուլոյի հանդիսատեսը ապրիլին կդիտի բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի«1915» ներկայացումը