Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ոսկեանց քահանաների հիշատակության օրը

10:35 • 05.02.15

Հայ առաքելական սուրբ եկեղեցին փետրվարի հինգին տոնում է Սուրբ Ոսկեանց քահանաների հիշատակության օրը:


«Արմենպրես»-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացրել են, որ Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի, տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, և կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:


Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք, առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին և նրա քարոզներից ազդված մկրտվում՝ դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը՝ Խռուսին (հայերեն՝ Ոսկի, այստեղից էլ՝ Ոսկյաններ) ձեռնադրվում է նաև քահանա:


Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով՝ նրանք գալիս են հայոց արքունիք՝ քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները՝ Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:


Վերջիններս իրենց գլխավորի՝ Սո քիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին՝ հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին՝ Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց:
 

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ոսկեանց քահանաների հիշատակության օրը