Բրազիլահայ դերասանի սցենարով բեմադրված «1915» ներկայացումը ապրիլից կրկին կներկայացվի բրազիլացի հանդիսատեսին

22:29 • 05.02.15

Բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի (Arthur Haroyan) սցենարով բեմադրված «1915» ներկայացումը 2015 թ-ի ապրիլից կրկին կներկայացվի բրազիլացի հանդիսատեսին։ Ներկայացման բեմադրիչն է բրազիլացի ռեժիսոր Ռոժերիո Ռիզզարդին (Rogério Rizzardi)։


Tert.am-ի հետ զրույցում Արթուր Հարոյանը նշեց, որ «GRUPO ARCA» (Տապան) թատերական խմբի այս ներկայացումը հաջողություն է ունեցել դեռ 2012 թ-ին, երբ առաջին անգամ լատինաամերիկյան բեմից խոսվել է Հայոց եղեռնի մասին։


«Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի բոլորման նախաշեմին Լատինական Ամերիկայի ամենամեծ քաղաքի՝ Սան Պաուլոյի հանտիսատեսը նույնպես կարող է ականատես լինել աշխարհի բոլոր ժողովուրդներին սպառնացող դեռևս անպատիժ մնացած մեծագույն հանցագործության գեղարվեստական բեմադրությունը»,-ասաց նա։


Ըստ սցենարի հեղինակի՝ «1915»-ը պատմական, դրամատիկական և գեղարվեստական տարրերի հիբրիդ է՝ գրավիչ և արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ:


«Պիեսը դրամատիկ են դարձնում ջարդի ժամանակ Անուշի և թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Վանի քաղաքապետի` Անուշի հոր`Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին, իսկ չորս այրիների օրակուլյան կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ և ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը: Պիեսի հիմքում նաև Ցեղասպանությունից փրկված հայերի իրական երկխոսությունները և մենախոսություններն են, ինչպես նաև՝ իրական կերպարներ, որոնցից մեկն է ամերիկյան դիվանագետ Հենրի Մորգենթաուն, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը»,-նշեց նա:

 

Բրազիլահայ դերասանի սցենարով բեմադրված «1915» ներկայացումը ապրիլից կրկին կներկայացվի բրազիլացի հանդիսատեսին