Փետրվարի 14-ին կմեկնարկի բրիտանական ֆիլմերի փառատոնը

16:54 • 06.02.15

2015թ. փետրվարի 14-ից Հայաստանում կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է սիրո տարածման և պահպանման գաղափարին:


Այդ առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչն ասաց, որ այս տարի փառատոնի շրջանակում ընդգրկված բոլոր ֆիլմերը իր կողմից շատ սիրելի են և երևանցիների համար հաճույք կլինի դրանք դիտելը:


«Թեման սերն է, սերը հայրենիքի, երկրի հանդեպ, բնության հանդեպ, թե ինչպես կարող է փոխել ու բուժել մարդուն սերը, օգնել սահմաններ անցել  ու հասնել այն նպատակներին, որոնց հույսն անգամ չուներ»,-ասաց նա:


Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևի Սարիբեկյանը նշեց, որ փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում առաջինը կներկայացվի Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով:


«Ընդհանուր առմամբ ներկայացվելու է 7 ֆիլմ, որոնք բոլորն էլ նախորդ տարվա ընթացքում նկարահանված լավագույն ֆիլմերն են: Բոլոր այս ֆիլմերը արժանացել են բարձր գնահատանքի: Երևանյան ցուցադրություններից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև Դիլիջանում, Արարատում և Արմավիրում»,-ասաց նա:


Երևանում ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում մինչև փետրվարի 20-ը:

Փետրվարի 14-ին կմեկնարկի բրիտանական ֆիլմերի փառատոնը