8-ամյա հայ դաշնակահարուհին 1-ին տեղն է զբաղեցրել միջազգային մրցույթ-փառատոնում (տեսանյութ)

11:06 • 06.02.15

Ութամյա դաշնակահարուհի Մանե Մարտիրոսյանը Երաժշտական գործիքներ նվագողների միջազգային մրցույթ- փառատոնում առաջին տեղն է գրավել: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհին կատարել է երկու ստեղծագործություն, նկարահանվել տեսանյութում և այն ուղարկել մրցույթի կազմակերպիչներին: Ամենամյա միջազգային երաժշտական մրցույթն անցկացվել է հուն վարի 12-26-ը:


Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցչուհի Լիա Սահակյանը, ով դաշնամուրի դասեր է տալիս Մանեին, փաստում է, որ մրցույթի մասին իմացել է համացանցից:


«Ես հետևում եմ բոլոր մրցույթներին, արդեն մի շարք երկրներ եմ տարել երաժշտական դպրոցի սաներին: Բայց բոլոր ծնողները չէ, որ հնարավորություններ ունեն տարբեր երկրներ գնալու, իսկ այս մրցույթը մատչելի տարբերակ է՝ տեսագրում ես երեխային  և ուղարկում մասնակցության հայտը: Մանեն առաջին դասարանից հաճախում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց և սովորում իմ դասարանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Լիա Սահակյանը:


Նրա խոսքով՝ Մանեն երկրորդ դասարանի համար բավականիին բարդ ստեղծագործություններ է նվագել՝ Մոցարտի և Գլիերի գործերը:


«Նման մրցույթներում անպայման պետք է մեկ ստեղծագործություն ներկայացնենք, որը գրած լինի ռուս կոմպոզիտորը: Հայաստանից մրցույթին եղել են նաև այլ մասնակիցներ»,-հավելել է նա:


Ամենամյա մրցույթն անցկացվում է 2007 թվականից: Այն իրականացվում է ինը տարիքային խմբերում՝ տարբեր գործիքներով: Մրցույթը նպատակ ունի երեխաների, երիտասարդների և մանկավարժների մոտ սեր առաջացնել դեպի երաժշտությունը, բացահայտել նորանոր տաղանդների և փորձի փոխանակում անցկացնել: Այն անցկացնում է Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը և Համառուսաստանյան երաժշտական միավորումը:

 

8-ամյա հայ դաշնակահարուհին 1-ին տեղն է զբաղեցրել միջազգային մրցույթ-փառատոնում (տեսանյութ)