Մեր շրջագայությամբ ցանկանում ենք համեստ դերակատարում ունենալ արդարության վերականգնման հարցում. Թանկյան

10:46 • 06.02.15

Ամերիկյան հանրահայտ System of a Down ռոք խումբը հայտարարել է Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային շրջագայություն կազմակերպելու մասին:

 

«Արթնացե'ք հոգիներ» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-ին` Լոս Անջելեսում, այնուհետև կշարունակվի Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեդիայում, Ռուսաստանում ու ապրիլի 23-ին անվճար համերգով կավարտվի Երևանի Հանրապետության հրապարակում:

 

asbarez.com պարբերականի թղթակից Արա Խաչատուրյանը հանդիպել է խմբի մենակատար Սերժ Թանկյանին ու այս թեմայով բավական ուշագրավ զրույց ունեցել:

 

Երաժիշտն ասել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում լայնազանգված անվճար համերգ կազմակերպելը շատ տեղին է: Նրա խոսքով` չի բացառվում նաև, որ համերգը հեռարձակվի համացանցով, որպեսզի աշխարհի ցանկացած կետում մարդիկ կարողանան լսել այն:

 

««Արթնացեք հոգիները» ոչ միայն միտված է անտեղյակ մարդկանց իրազեկել Ցեղասպանության մասին, այլև նպատակ ունի համեստ դերակատարում ունենալ արդարության վերականգնման  հարցում»,-ասել է Թանկյանը:

 

Նա հավելել է, որ իրեն անչափ ոգևորում է այն փաստը, որ թուրքական հասարակության որոշ շրջանակներ ներկայում հսկայական աշխատանք են տանում Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը հասնելու համար:

 

Երաժիշտը նաև պատմել է, որ թեև ինքը կամ System of a Down խումբը հասկանալի պատճառներով երբևէ ելույթ չեն ունեցել Թուրքիայում, այնուհանդերձ` նրանք այդ երկրում ունեն երկրպագուների մեծ բանակ, ովքեր մշտապես ակտիվ պաշտպանում են թուրքական մամուլի կողմից քարկոծվող ամերիկահայ երաժիշտներին:
 

Մեր շրջագայությամբ ցանկանում ենք համեստ դերակատարում ունենալ արդարության վերականգնման հարցում. Թանկյան