«Երգ երգոց» երաժշտական նախագիծը 5 տարեկան է

16:40 • 07.02.15

Արդեն 5 տարի յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի երեկոյան եթերում երգի տոն է: Հայկական հեռուստաեթերի ամենապահանջված երաժշտական նախագծերից մեկն արդեն հինգերորդ տարին է հեռուստաէկրանների մոտ ու նկարահանման տաղավարում հավաքում է հայ երգի սիրահարներին. տեղեկացնում է Առաջին ալիքի լրատվական ծառայությունը։


«Երգ երգոց» նախագծում հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով: Առանձին հաղորդումներ են նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր: Հաղորդավար Խորեն Լևոնյանն ամեն ելույթից առաջ ներկայացնում է երգն ու կատարողին, իսկ նախագծի ընթացքում տաղավարում ներկա երաժշտագետները, կոմպոզիտորներն ու մտավորական հյուրերը քննարկում են հնչած երգերը:


Պրոֆեսիոնալ ստեղծագործական խմբի շնորհիվ ստեղծված «Երգ երգոց»-ն այսօր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից է: Երաժշտական նախագիծը հյուրախաղերով  հանդես է եկել Բեյրութում Ստեփանակերտում, ԱՄՆ-ում: 5 տարիների ընթացքում եթեր է հեռարձակվել շուրջ 405 հաղորդում:


Տոնական հոբելյանական թողարկումը Հանրայինի եթերում կլինի վաղը՝ փետրվարի 8-ին, Առաջին լրատվականի կիրակնօրյա թողարկումից անմիջապես հետո:

«Երգ երգոց» երաժշտական նախագիծը 5 տարեկան է