«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին

16:38 • 07.02.15

Փոքր մարդու մեծ ողբերգություն. հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի կիզակետում հենց այս թեման է: Փետրվարի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Արամ Շահբազյանի նոր կինոնկարի հայաստանյան պրեմիերան:


Միջոցառումը համախմբեց բազմաթիվ արվեստասերների: Կինոնկարի ռեժիսոր Արամ Շահբազյանը ֆիլմի պրեմիերայից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ֆիլմի հիմքում իրական պատմություն է: «Ֆիլմի հիմքն է Վլադիմիր Շիրինյանի օրագիրը, սակայն այն փոքր¬-ինչ գեղարվեստականացվել է, փոխվել: Մեր դեպքում հերոսը Հմայակն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արամ Շահբազյանը:


Նրա խոսքով՝ ֆիլմի աշխատանքներն սկսվել են տարիներ առաջ, և այն սցենարի զարգացման համար մրցանակ էր ստացել: «2012 թվականին սկսվեց ֆիլմի արտադրությունը, իսկ արդեն 2014 թվականին՝ հետարտադրական փուլը: Մոնտաժն արել ենք Հայաստանում և Ֆրանսիայում, իսկ ֆիլմի աշխատանքներն ավարտել ենք մի քանի ամիս առաջ»,-նշեց Արամ Շահբազյանը՝ հավելելով, որ ֆիլմը դեռևս հայկական վարձույթում չի հայտնվի, սակայն հնարավոր է, որ մասնակցի փառատոնների:


Կինոնկարի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, մեծ մասը` Վարդենիսում: Շահբազյանի խոսքով՝ ինքը դերասաններին զգուշությամբ և դժվարությամբ է ընտրել: «Ինձ միշտ հետաքրքրում է փոքր մարդու մեծ ողբերգությունը՝ անկախ ազգից»,-հավելեց նա:


Գլխավոր դերակատար Մարտուն Ղևոնդյանը խոստովանում է՝ մինչև ֆիլմում նկարահանվելը մեքենա վարել չգիտեր: «Նկարահանումների ժամանակ եմ սովորել՝ երկու օրում: Չեմ սիրել վարել, և հիմա նոր եմ հասկանում, որ ֆիլմում ամեն ինչ պետք է: Այդ կերպարը ես եմ, երբ սցենարը վերցրի՝ հասկացա, որ հերոսը ես եմ»,-նշեց նա:


«Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է: Նա իր կնոջ հետ ապրում է Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Նրանց ողջ կարողությունը միակ կովն է և մի քանի հավը: Ամիսը մեկ անգամ Համոն գնում է շրջկենտրոն և ստանում Ռուսաստանում աշխատող որդու համեստ գումարը: Թվում է, թե ծերունիները կյանքն այդպես միապաղաղ էր լինելու, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամարդկանց խոսքն ու զրույցը: Ինչ¬-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառվում: Համոն գնում է գյուղ և տեսնում մեքենան: Մեքենայի տերը համաձայնվում է սպասել, մինչև Համոն կբերի 800 դոլարը: Երազանքը մինչև ծերություն պահած Համոյի համար մեքենայի գումարը ձեռք բերելը դառնում է կյանքի խնդիր: Ֆիլմն աշխարհի հեռավոր մի անկյունում ապրող մի մարդու դրաման է։

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին