Փարիզում արգելվել է մարտաֆիլմեր նկարահանել` տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով
Փարիզի փողոցներում արգելվել է մարտաֆիլմեր նկարահանել, հաղորդում է The Associated Press-ը:
Արգելքի համաձայն` կինոստուդիաներին թույլ չի տրվի ֆիլմերի որոշակի տեսարաններ նկարահանել երկրի մայրաքաղաքում՝ հատկապես այնպիսի տեսարաններ, որոնց մեջ կան ավտոմեքենաներով հետապնդումներ, ոստիկանություն, անվտանգության ծառայություններ, կրոնական վայրեր և դպրոցներ:
Արգելքի մասին որոշումը կայացվել է անցած ամիս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ: Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Փարիզում արդեն առկա լարվածությունների ֆոնին մեքենաներով կեղծ հետապնդումները կարող են շփոթեցնել և վախեցնել քաղաքացիներին:
Նրանք նաև կարծում են, որ հատուկ զգեստներով դերասաններին ահաբեկիչները կարող են շփոթել իրական ոստիկանության հետ՝ նրանց մեկ այլ հարձակման թիրախ դարձնելով:
«Խնդիր կա այս տեսակի մարտաֆիլմերի տեսարանների հետ, քանի որ համազգեստով դերասանները կարող են ահաբեկիչների համար թիրախ դառնալ: Բացի այդ` դերասանները կարող են շփոթմունքի պատճառ դառնալ հասարակության համար այս չափազանց զգայուն ժամանակահատվածում»,- ասել է Սիլվի Բարնոն, ով տրամադրում է Փարիզի փողոցներում ֆիլմերի նկարահանման թույլտվություններ:










