Մեր նկարիչները դրսում մրցունակ են, սակայն շատ վատ ենք ներկայացված. Կարեն Աղամյան

14:47 • 08.02.15

Հայաստանյան նկարիչները մրցունակ են արտերկրում, մենք տաղանդավոր ազգ ենք և ունենք հոյակապ նկարիչներ, սակայն շատ վատ ենք ներկայացված դրսում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

 

«Ներկայացվելու համար մեծ ֆինանսական հնարավորություններ են պետք, որը մենք չունենք, նկարիչները միջոցներ չունեն, իսկ դրսում ներկայանալու համար լուրջ ներդրումներ են պետք, դա մեծ բիզնես է, և մենք չենք կարողանում մրցել այն երկրների հետ, որոնք ավելի հարուստ են»,- ասաց նա:

 

Կարեն Աղամյանն օրինակ բերեց այն, որ Մոսկվայում, որտեղ, թերևս, ամենաթանկ ցուցասրահները չեն, սակայն եթե փորձես Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը ցուցադրություն անել, ապա այնտեղ մի գծամետրը տասը օր վարձելու համար պետք է վճարել մոտ 300 եվրո, տասը նկարի համար` 3 հազար եվրո, հարյուր նկարի համար 30 հազար եվրո:


«Ո՞ր մի նկարիչը կարող է այդ բանը թույլ տալ` չհաշված այնտեղ հասնելու, բնակվելու ծախսերը»,- ասաց նա և նշեց, որ հենց այդ ամբողջ ծախսերի պատճառով է, որ հայերը դուրսը վատ են ներկայացվում:

 

Կարեն Աղամյանը նշեց, որ ՀՀ Նկարիչների միության սրահներում տարվա մեջ արվում է մոտ 50 ցուցադրություն, ինչը բավականին մեծ թիվ է, և դահլիճները միշտ այցելուներով լիքն են լինում:

 

«Նկարիչներ զգալի մասը շատ ծանր վիճակում են, և չգիտեմ ինչպես իրենց կարելի է օգնել, բոլոր մտավորականներն են այդ վիճակում»,- ասաց նա:


 

Մեր նկարիչները դրսում մրցունակ են, սակայն շատ վատ ենք ներկայացված. Կարեն Աղամյան