«Հայարտուն» կենտրոնում կայացել է «Հին Թիֆլիս»-ին նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)

13:22 • 09.02.15

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է գեղանկարիչ Ջիովաննի Վեփխվաձեի յուղաներկ աշխատանքների «Իմ Թիֆլիսը» խորագրով անհատական ցուցահանդեսը, որում ցուցադրվում է  30 կտավ։


Ինչպես տեղեկացնում են «Հայարտուն» կենտրոնից,  կենտրոնի ղեկավար Լևոն  Չիդիլյանը կարևորել է, որ  Ջիովաննի Վեփխվաձեի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է «Հայարտուն» կենտրոնում:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ մանրանկարիչ Մերուժան Շահումյանն իր հերթին Վեփխվաձեին բնութագրել է որպես գեղանկարչության էսսեիստ, իսկ հայտնի արվեստագետ Ալեքսանդր Պիրադովը կարևորել է Ջիովաննիի գեղանկարչության երկու ուղղությունները. հին Թիֆլիսի հետքը վերակենդանացնող աշխատանքները և նատյուրմորտները, որոնք ռեալիզմի անգնահատելի նմուշներ են:


Ցուցահանդեսին ներկա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր  Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանը բարձր է գնահատել ցուցահանդեսի անցկացման փաստը՝ նշելով, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրենց հայրենիքում նահատակված մեկ ու կես միլիոն հայերին և մազապուրծ փրկված փախստականներին առաջինների թվում ապաստանել է վրացի ժողովուրդը:


«Այստեղ հաստատված բազում հայերի ու նրանց սերունդների ձեռքերով ու նաև տածած մեծ սիրով է ծաղկել ու բարգավաճել այս գեղեցիկ քաղաքը»,- ասել է Սրբազան հայրը` կոչ անելով ապրիլին ազգովին պահանջատիրոջ իրավունքով հիշել ու խոնարհվել Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև:

 

 

 

«Հայարտուն» կենտրոնում կայացել է «Հին Թիֆլիս»-ին նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)