Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր»-ի ձայնասկավառակի շնորհանդես-համերգը
Փետրվարի 16-ին՝ ժամը 19:00–ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր-անսամբլի» հունվարյան (Ֆրանսիա, Էստոնիա, Ռուսաստան) համերգային շրջագայության մամլո ասուլիսն, ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի նոր՝ թվով 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը:
«Հովեր»-ի այս ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյանի, Ա. Ոսկանյանի, Ս. Բոյաջյանի, Ա. Բոյամյանի, Ս. Աղաջանյանի, Էդ. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի, Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի, Ա. Ղազարյանի, Ե. Երկանյանի, Ս. Երկանյանի, Ա. Ազիզյանի, Վ. Աճեմյանի, Վ. Շարաֆյանի ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները:
«Ինչպես մանրանկարչության մեջ, այնպես էլ խմբերգային արվեստում, փոքր ձևի մեջ հանդիպում ենք աննման ասելիքի, մի հեղինակ՝ մի աշխարհի և, ինչպես Կոմիտասի «Սիրտ իմ սասանի»-ի մեջ է, մեկ էջ` մեծ լռության:
Կոմիտասի այն ձևակերպումը, թե հայ երաժշտությունն ո՛չ արևելյան է և ո՛չ էլ արևմտյան, այլ ինքնուրույն է, մեզ բերում է կեցության ամենադժվարին ձևին, որովհետև ինքնուրույն համակարգում ապրելով չունես առանձնապես հուշող և օգնող և հեշտությամբ կարելի է կորցնել ամեն ինչ,կամ կոնսերվացվել՝դառնալով հուշարձան-մահարձան:
Այս պատասխանատու իրավիճակում ինչ է մեզ առաջարկում հայ հեղինակը, ինչ մտքեր է բերում, որպեսզի մեր երաժշտական խճանկարը մնա կենսունակ, չպարփակված և ինքնուրույն, քչախոս և լայնախոհ, անմիջական և նուրբ: Մեր հեղինակների նուրբ աշխարհների բարակ վրձնահարվածներն արձանագրում են հայ խմբերգային երաժշտության այսպիսի կենսունակություն»,– ասվում է երգչախմբի տարածած հաղորդագրությունում:










