Արգենտինահայ կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանը կոչ է արել մերկացնել սերիալով քողարկվող թուրքական հասարակության իրական պատկերը
Արգենտինահայ երաժիշտ, դիրիժոր և կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանը 7 կետից բաղկացած կոչ-առաջարկով է դիմել արգենտինահայերին` խնդրելով օգնել մերկացնել թուրքական հասարակության իրական պատկերը, որը քողարկվում է հեռուստասերիալի միջոցով:
«Արգենտինական 13-րդ հեռուստաալիքով հեռարձակվող «Հազար ու մի գիշեր» թուրքական սերիալի հետ կապված, որը գովազդում են տարբեր ռադիոկայաններ, և յուրաքանչյուր եթերից 10 րոպե նվիրվում է սերիալի մասին խոսելուն, առաջարկում եմ, որ յուրաքանչյուր հայ զանգահարի ռադիոկայաններից որևէ մեկին, ինչպես ես եմ անում, և ասի հետևյալը.
1. Թուրքիան այն երկիրն է, որը Ցեղասպանություն է իրագործել:
2. Երբ հեռուստասերիալում խոսվում է քրիստոնեական հուշարձանների մասին, շրջանցվում է այն փաստը, որ դրանք կանգնեցրել են հայ ճարտարապետները, և որոնք հայերի համար թուրքերի հետապնդումներից պատսպարվելու ապաստան են հանդիսացել Ցեղասպանության ժամանակ:
3. Քրիստոնեության այդ հուշարձաններն ու կոթողները պատկանել են հայերին՝ 3-4-րդ դարերից ի վեր, այնուհետև Ցեղասպանությունից հետո թուրքերի կողմից օգտագործվել որպես ախոռներ, մինչև որ վերջիններս հասկացան, որ կարող են օգուտ քաղել այդ հուշարձաններից, և սկսեցին կիրառել զբոսաշրջության ոլորտում…
4. Թուրքական հասարակությունն ատում է կնոջը և նրան ստիպում թողնել իր երեխաներին, եթե վերջինս ամուսնալուծվում է…
5. Թուրքիան շարունակում է խալիֆայություն լինել… Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել ամրոցի կառուցումը, որը Էրդողանը որպես նստավայր է ներկայացրել:
6. Թուրքիան 1915-ին կոտորել է հայ ժողովրդին` գլխատելով մարդկանց… չկար հեռուստացույց այդ ամենը լուսաբանելու համար:
7. Այսինքն` Թուրքիան այժմ էլ նույնն է, ինչպիսին որ ծնվել և գոյատևել է դարեր շարունակ… անկախ այս հեռուստասերիալից…
Կարծում եմ` բազմաթիվ միջոցներ կան պայքարելու, որպեսզի ՃԱՆԱՉՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, առաջին հերթին` հենց ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ընդառաջ, երբ բոլորս սպասում ենք Ցեղասպանության ՃԱՆԱՉՄԱՆԸ ո'չ թե Թուրքիայի, այլ՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից, որոնք դեռ չեն ճանաչել այն:
Սիրով,
Ալիսիա»:










