«Պատանեկություն» ֆիլմն արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի գլխավոր մրցանակին (լուսանկարներ)
Ամերիկյան «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը ճանաչվել է լավագույնը Բրիտանական կինոյի և հեռուստաարվեստի ակադեմիայի մրցանակաբաշխության (BAFTA) ընթացքում, որը կայացել է կիրակի երեկոյան Լոնդոնում՝ Թագավորական օպերային թատրոնում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն ռեժիսոր», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում։
BAFTA-ի 68-րդ արարողությանը մրցանակների քանակով առաջատար է դարձել «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը՝ հաղթելով 5 անվանակարգերում՝ «Լավագույն երաժշտություն», «Լավագույն գրիմ և սանրվածք», «Լավագույն հագուստ», «Լավագույն բեմադրող նկարիչ» և «Լավագույն օրիգինալ սցենար»։
Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի համար, որն արժանացել է նաև մրցանակի «Լավագույն բրիտանական ֆիլմ» և «Լավագույն հեշտացված սցենար» անվանակարգերում։
Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմի համար։
Տասն անվանակարգերում ներկայացված «Բըրդման» ֆիլմն արժանացել է միայն մեկ մրցանակի՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Citizenfour ֆիլմը, որի հիմքում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ հարցազրույցն է, մրցանակի է արժանացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Իսկ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արաժանացել լեհական «Իդա» ֆիլմը։

















































