«Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակությունից կկարմրեն անգամ «Մոխրագույնի 50 երանգները» գրքի երկրպագուները
Այն մասին, որ մի քանի ամիս անց կթողարկվի 20-րդ դարի ամենահայտնի վեպերից մեկի՝ «Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակությունը, հայտնի էր դարձել մի քանի օր առաջ։ Այդ լուրն ապշեցրել էր լավ գրականության բոլոր սիրահարներին, The Guardian պարբերականի թղթակիցն այն համեմատել էր անգամ երկրաշարժի հետ, գրում է Комсомольская правда-ն։
Վեպի հեղինակը՝ Հարփեր Լին, այժմ 88 տարեկան է և ծանր հիվանդ։ Մի քանի տարի առաջ նա հայտարարել էր, որ այլևս ոչինչ չի գրելու ոչ միայն առողջական խնդիրների պատճառով, այլ նաև չի ցանկանում ենթարկվել այն ճնշմանը, որը զգացել է «Սպանել ծաղրասարյակին» վեպի լույս տեսնելուց հետո։ Եվ նոր վեպի մասին լուրը կեղծ էր թվում։
«Go Set a Watchman» վեպը գրվել է դեռևս 1950-ականներին՝ նախքան «Սպանել ծաղրասարյակին» վեպը, սակայն խոսքը նույն հերոսների մասին է՝ Ջին Լուիզա Ֆինչի և նրա հոր՝ Ատիկուսի։
Եկամուտները խոստանում են խելահեղ լինել։ Թողարկման ամսաթիվը հայտարարելուց հետո վեպը հայտնվել է անմիջապես Amazon-ի բեսթսելերների ցանկում. տասնյակ հազարավոր մարդիկ արդեն նախնական պատվերներ են գրանցել։ Նախնական տպաքանակը կլինի 2 մլն օրինակ։ HarperCollins հրատարակչության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ ի տարբերություն «Սպանել ծաղրասարյակին» գրքի՝ նորը չի կարելի տալ դեռահասներին։
Հերոսուհին, ով փաստաբան է դարձել, թմրանյութերից և ալկոհոլից կախվածություն ունի, և նրա սիրեկանը ստիպում է նրան պարբերաբար տրվել նարկոդիլերին։ «Դաժանությունը և շատ իրավիճակներ չափազանց վառ են նկարագրված։ Որոշ տեսարաններից, որտեղ նկարագրվում է սեքսը, կկարմրեն նույնիսկ «Մոխրագույնի 50 երանգները» վեպի երկրպագուները»,- ասվում է հայտարարությունում։










