Վահան Տերյանն ամենաարու բանաստեղծն է. տերյանասերներն այսօր հավաքվել էին 130-ամյա բանաստեղծի տապանաքարի մոտ (տեսանյութ)

14:21 • 09.02.15

Վահան Տերյանը հայկական պոեզիայի ամենաարու բանաստեղծներից է: Այսօր բանաստեղծի հոբելյանական 130-ամյակի առթիվ Կոմիտասի անվան պանթեոնում՝ նրա տապանաքարի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ այս կերպ նկարագրեց բանաստեղծին Գրողների միության անդամ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նշելով, որ սխալ է հասարակության շրջանում տարածված պատկերացումը՝ Տերյանը տխուր էր, սիրո կողմից մերժված:

«Այնքան կիրք կա նրա որոշ՝ առավել քիչ շրջանառված բանաստեղծություններում, որ շատ քիչ բանաստեղծներ ունեն իրենց պոեզիայում: Ես կցանկանայի, որ այցելությունները այստեղ հաճախակի լինեին, բայց առավել կարևոր է, որ միշտ արտասանենք նրա բանաստեղծությունները, կարողանանք ճանաչել նրա իրական կերպարը և դուրս գանք նրա, այսպես ասած, տխուր վիճակից: Տերյանը իրականում այն չէ, ինչ մեզ սովորեցնում են, ներկայացնում: Նա հայրենիքի նվիրումի իրական կերպար է, և մենք պետք է կարողանանք բոլոր կողմերից բացահայտել մեր սիրելի պոետին»,-ասաց նա:

Վահան Տերյանը ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը, ով վերջերս հրապարակել է «Վահան Տերյան. անհայտ ու անտիպ էջեր» գիրքը նշեց, որ Խորհրդային միության տարիներին բանաստեղծի ստեղծագործությունները խմբագրել են, սրբագրել, որպեսզի վերջինս տեղավորվի դոգմատիկ կերպարի մեջ:

«Շուրջ մեկ դար է բաժանում մեզ Տերյանի մահից, բայց, ցավոք, մենք շատ բան դեռ չգիտենք նրա մասին: Չգիտենք, որ նա եղել է դաշնակցական, հետո հարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, հետո մտել ու դուրս է եկել Կոմունիստական կուսակցությունից: Կոնֆլիկտ է ունեցել Խորհրդային միության առաջին դեմքերի՝ Լենինի, Ստալինի հետ ու պատճառը եղել է Հայաստանը: Ի տարբերություն իր ընկերների, նա չի համաձայնել Հայաստանի մասնատման ողբերգության հետ և արժանացել է հալածանքների: Անգամ որոշում է կայացվել նրան ռազմաճակատ ուղարկելու մասին, այն դեպքում, երբ Տերյանը հիվանդ էր թոքախտով»,-ասաց նա:

Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ ժամանակն է ճանաչել իրական՝ հայրենասեր Տերյանին, ով ներկայացվում է որպես հանուն կոմունիզմի կյանքը տվող մարդ:

Տերյանի շառավղից Վարդ Ղազարյանն էլ նշեց, որ Տերյանը ցույց տվեց հայ գրականության գալիք օրը, սակայն այսօր նրա տեղը թափուր է:

«Նա ցույց տվեց, թե ապագայում ինչպիսին պետք է լինի հայ գրականությունը, նա բացեց մի ճանապարհ, որով մինչ օրս գնում են բոլորը: Վահան Տերյանը այնպիսի գործ կատարեց հայ գրականության մեջ, որ բոլոր մեծերը ազդվեցին նրանից: Տերյանի մասին Սևակն ասում է «Տերյանը մեզ պարտադրում է, և մենք պարտավոր ենք նրա առաջ»»,-ասաց նա:


 

 

 

Վահան Տերյանն ամենաարու բանաստեղծն է. տերյանասերներն այսօր հավաքվել էին 130-ամյա բանաստեղծի տապանաքարի մոտ (տեսանյութ)