Աղձքի պեղումներով Հայաստանը կարող է միջազգային մշակութային ասպարեզ դուրս գալ. պաշտոնյա

12:34 • 10.02.15

Աղձքի պեղումները բացառիկ է  մեր պետության ինքնաճանաչման առումով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն, ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը` անդրադառնալով Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքանների դամբարանի պեղման ծրագրին: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ: 


Նա նշեց, որ Աղձքի դամբարանը միշտ եղել է պետության ուշադրության կենտրոնում և նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերը`իշխանական, թե ընդդիմադիր համակարծիք են, որ այս ծրագիրն իրականանա: «Փաստորեն այս ծրագիրը ազգահավաք նշանակություն ունի»,-ասաց նա և նշեց, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան:


«Այս ծրագիրը կարող է դառնալ միջազգային ծրագիր, որովհետև ամբողջ տարածաշրջանում վաղ միջնադարյան միակ արքայական դամբարանն է,  և կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Իրանում, Թուրքմենիայում: Այսինքն, այս ծրագրով Հայաստանը կարող է մշակութային տեսանկյունից միջազգային  ասպարեզ դուրս գալ»,- ասաց  արշավախմբի ղեկավարը:


Նա ներկայացրեց դամբարանի պատմությունը և նշեց, որ վաղ միջնադարյան մեր կառույցներից Աղձքը միակն է, որն ունի հստակ թվական և նրան անդրադարձել են մեր պատմիչները:


«Այստեղ կլինի թանգարան, կբարեկարգվի տարածքը և կդառնա զբոսաշրջության համար կարևոր վայրերից մեկը»,- ասաց նա և նշեց, որ երկրորդ փուլը կներկայացվի ավելի ուշ: Նա ասաց, որ ծրագրի համար երեք տարվա կտրվածքով 50 միլիոն դրամ է նախատեսված:


Հակոբ Սիմոնյանն ասաց, որ իրենց ցանկանում են շուտ սկսել պեղումները, որպեսզի  ապրիլի 24-ին Հայաստան ժամանած պատվիրակությունները հնարավորություն ունենան ծանոթանալու վաղնջական հայկական հուշարձանին:


 

Աղձքի պեղումներով Հայաստանը կարող է միջազգային մշակութային ասպարեզ դուրս գալ. պաշտոնյա