Բաքվի կինոթատրոնում ցուցադրվում է Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմի գովազդը

10:01 • 10.02.15

Բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել ադրբեջանական «Disput.az» ֆորումի օգտատերերից մեկը, ով որոշել է «Cinemacity» կինոթատրոնում դիտել The Imitation Game պատմական դրաման, գրում է baku.ws-ը:

 

Ֆիլմի դիտման հաճույքը վայելելու փոխարեն օգտատերը և տասնյակ այլ մարդիկ ստիպված են եղել անհանգստանալ, թե ինչու է Ադրբեջանում գովազդվում Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը:

 

Կինոթատրոնի վարչակազմում նշել են, որ տեղյակ են հանդիսատեսի անհանգստության մասին, ովքեր կինոթատրոնում տեսել են Ցեղասպանության մասին ֆիլմի գովազդը:

 

«Ներողություն ենք խնդրում, սակայն տեղի ունեցածում չկա մեր մեղավորությունը: Բանն այն է, որ գովազդը սկավառակի վրա է, որը մեզ է տրամադրել Universal Pictures ընկերությունը: Համաձայն պայմանագրի` մենք իրավունք չունենք կտրել ֆիլմից առաջ դրված գովազդը: Ի դեպ, նույնը պատահել է ոչ միայն մեր, այլև Բաքվի մյուս կինոթատրոններում»,-նշել է կինոթատրոնի ադմինիստրատորը:

 

Հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է 1915-ի դեպքերի մասին։ Հայոց ցեղասպանության ընթացքում գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանը կորցնում է ընտանիքը։ Տարիներ անց իմանում է, որ իր երկվորյակ աղջիկները, հնարավոր է, ողջ են։ Նազարեթը սկսում է նրանց որոնել և հայրենի Մարդին գյուղից հասնում է մինչև Հավանա և Հյուսիսային Դակոտա։

Բաքվի կինոթատրոնում ցուցադրվում է Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմի գովազդը