Արցախի երգի-պարի պետական համույթը ՌԴ-ից և Լիբանանից հրավերներ է ստացել
Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթն այս տարի համերգային ծրագրերով հանդես գալու հրավերներ է ստացել ՌԴ-ից, Լիբանանից և Հայաստանի մարզերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համույթի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Գարի Ավանեսյանը:
«Այս տարի հրավեր ունենք ՌԴ-ից, Լիբանանից և Հայաստանի մարզերից։ Չհաշված այն, որ տարվա ընթացքում 60-70 համերգային ծրագիր ենք նախատեսում»,-ասել է Գարի Ավանեսյանը՝ հավելելով, որ համույթի ստեղծագործական կազմում ընդգրկված է 29 հոգի, այդ թվում՝ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ ու պարողներ։
Արցախի երգի-պարի պետական համույթն անցած տարի մասնակցել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած ազգագրական երգ ու պարի միջազգային փառատոնին, որին մասնակցել է 18 պետություն։
«Այդ փառատոնին ամենագլխավորն այն էր, որ մենք մասնակցում էինք ԼՂՀ դրոշի ներքո»,- Գարի Ավանեսյանի խոսքով՝ անցած տարի համույթը հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Լիբանանում, Վրաստանում և Հայաստանում:
Այս տարի լրանում է «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի 15-ամյակը, որի առթիվ, համույթի ղեկավարի խոսքով, տոնական մեծ համերգ է նախապատրաստվում։










