Ցեղասպանության տարելիցին նվիրված վոկալ-գործիքային գործերի մրցույթի հաղթողները հայտնի են

18:57 • 10.02.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վոկալ-գործիքային ստեղծագործությունների մրցույթի արդյունքներն ամփոփվել են:

 

«Արմենպրես»-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունից հայտնել են, որ մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 11 կոմպոզիտոր: Մրցույթի ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վահրամ Բա բայանը:

 

Ժյուրիի որոշմամբ՝ մրցույթն ունեցել է երկու հաղթող, իսկ ահա երկրորդ և երրորդ մրցանակ ոչ ոքի չի տրվել: Մրցույթի հաղթող են ճանաչվել երիտասարդ կոմպոզիտորներ Էդմոնդ Մակարյանն ու Ժիրայր Շահրիմանյանը:


Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունը կոչվում է «Ի հիշատակ…» և գրված է ձայնի, լարային կվարտետի և դաշնամուրի համար, իսկ Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունը՝ «Խոստանում եմ չմտածել ինքնասպանության մասին այսուհետև», գրված է ձայնի, կլարնետի, երկու թավջութակի, կոնտրաբասի համար (օգտագործված է նաև ձայնագրություն):

 

Մրցույթի հաղթող ստեղծագործությունների  կատարումները, ինչպես նաև մրցանակաբաշխությունը կանցկացվեն ապրիլին:

 

Հայաստանի կոմպոզիտորների միությունը նախորդ տարվա ապրիլին հայտարարել էր վոկալ-գործիքային գործերի մրցույթ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մրցույթին կարող էին մասնակցել բացառապես պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ, ովքեր միության անդամ են: Հեղինակները պետք է գրեին 12-15 րոպե տևողությամբ ստեղծագործություն՝ ձայնի և մինչև 5 գործիքների համար: Ստեղծագործությունը պետք է գրվեր հայտնի  բանաստեղծուհի Սոնա Վանի խոսքերով: Մրցույթին նախապատրաստվելու համար տրվել էր 8 ամիս ժամանակ:


 

 

Ցեղասպանության տարելիցին նվիրված վոկալ-գործիքային գործերի մրցույթի հաղթողները հայտնի են