Կոնսալեսը տեքստը չգիտեր. Կ. Դուրգարյանի անդրադարձը՝ իտալացի դաշնակահարի տապալված համերգի շուրջ աղմուկին
Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը, ով փետրվարի 5-ին պետք է համերգ ունենար Հայաստանում, պատրաստ չի եղել փորձին, չի իմացել տեքստը, ինչը կարող են վկայել փորձին ներկա 80-ից ավելի երաժիշտներ: Նշանակվել է երկրորդ փորձը, որի ընթացքում կրկին կանգառներ են եղել՝ տեքստը չիմանալու հետ կապված, հայտարարվել է ընդմիջում-խորհրդակցություն՝ հասկանալու, թե ինչ անել, ինչից հետո Կոնսալեսը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին հայտարարել է, որ չի նվագի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Դուրգարյանը, ում համերաշխություն հայտնելու համար այսօր թատրոնի մի շարք արտիստներ հավաքվել էին նրա աշխատասենյակում և վրդովված քննարկում էին տեղի ունեցածը:
«Մենք խոսում ենք տեքստը չիմանալու մասին: Ես չեմ էլ քննարկում իր՝ երաժիշտ լինել կամ չլինելը: Տե՛քստ: Չգիտեր նաև փորձի ժամանակ։ Կանգնում էր, դրա համար օրկեստրը արդեն պանիկայի մեջ էր, ինչ ենք անելու… Պատկերացրեք, դուք գնում եք Սունդուկյան թատրոն՝ նայելու Շեքսպիր, և արտիստը տեքստը չգիտի: Մենք չենք քննարկում՝ արտիստը լա՞վ է խաղում, թե՞ ոչ, մեկնաբանությունը լա՞վն է , թե ոչ»,- ասաց թատրոնի գլխավոր դիրիժորը:
Հիշեցնենք, որ հետաձգված համերգից հետո թատրոնի բեմադրիչ Մարինա Սարգսյանը հայտնել էր, որ ամեն ինչ տեղի է ունեցել համերգից 2 ժամ առաջ և մեղադրանքներ էր հնչեցրել Դուրգարյանի հասցեին՝ աշխարհահռչակ երաժշտին ընդհուպ մինչև «շուրթերը կապտելու աստիճանի» ջղային վիճակի հասցնելու համար: Իսկ ամենը, ըստ Մարինա Սարգսյանի, Կարեն Դուրգարյանի մաղձն է եղել, և որ նա իրեն ասել է, թե այդ մարդը չի կարող նվագել, նա չի նվագելու, համերգը հետաձգվում է, իսկ Կոնսալեսն ասել է, որ Դուրգարյանը տեմպերը փոխել է՝ համերգից ընդամենը 1,5 ժամ առաջ:
Եթե նա, այնուամենայնիվ, ելույթ ունենար, ապա Կարեն Դուրգարյանը համերգից առաջ կհայտարարեր հանդիսատեսին, «որ այն, ինչ դուք հիմա կտեսնեք ու կլսեք, Օպերային թատրոնը դրա համար պատասխանատվություն չի կրում»:
Ի պատասխան նրա, որ խոսակցություններ կան, թե փորձի ժամանակ միմյանց ««բռավո-ներ եք ասել», երաժիշտն ասաց. «Ներողություն, ես «բռավո» ոչ միշտ եմ ասում, և փորձին ներկա էր գոնե 80 երաժիշտ, տարբեր երաժիշտներ, և հետևաբար փորձից հետո անմիջապես քաղաքում տարածվեց, որ եկեք՝ լսեք դաշնակահարին և սովորեք, թե ինչպես չի կարելի նվագել»:
Դաշնակահար Արմեն Բաբախանյանը, ով նույնպես վրոդվված էր Կոնսալեսի հետ այս պատմությունից, 8 րոպե ներկա է եղել փորձին և հազիվ է դիմացել, ընդ որում, դրանից 5 րոպեն նվագախումբն էր նվագում:
«Ինձ համար պարզ էր, որ նա պատրաստ չէր, ես ուղղակի դա շատ կոռեկտ եմ ասում: Ես լսել եմ, որ խոսում են, որ վերսիաները կարող են տարբեր լինել, դա մարդու գաղափարն է, որ օրինակ՝ երկրորդ մասի մեջտեղի մասը պետք է կատարել այսինչ տեմպի մեջ, բայց կան օրենքներ, որ եթե Ռախմանինովը գրել է ալեգրո, դա պետք է լինի ալեգրո: Չի կարելի անել դիլետանտիզմ և դա մատուցել, իսկ դա մաքուր դիլետանտիզմ է: Ամեն մի դաշնակահար իրավունք ունի ունենալ իր հայացքը ստեղծագործությանը, բայց այստեղ չկար հայացք, կար ուղղակի… չգիտեմ, մեղքս եկավ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Կոնսալեսը ուղղակի չգիտեր այդ կոնցերտը:
Արդեն այս սկանդալից հետո դաշնակահարն ուշադիր ուսումնասիրել է նրա կենսագրականը ու տեղեկություններ է հայտնաբերել, որոնք, ըստ նրա, վկայում են վերջինիս՝ երրորդ կարգի երաժիշտ լինելու մասին:
«Երբ նայում ես ու տեսնում, որ իր ԱՄՆ տուրի ժամանակ նա ելույթ է ունեցել Վաշինգտոնի իտալական դեսպանատանը… Հասկանում եք՝ բիոգրաֆիայի մեջ նշվում է՝ ելույթ է ունեցել «Կարնեգի հոլում», չգիտեմ՝ «Ջորդան հոլլ»… դա նորմալ է, բայց եթե բիոգրաֆիայի մեջ նշվում է այսպիսի փաստ, նշանակում է, որ նա ոչինչ է»,–ասաց նա։
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ այդ չպատրաստված երաժիշտը հրավիրվեց և ներկայացվում էր որպես տաղանդավոր երաժիշտ, դաշնակահարն ի պատասխան առաջարկեց այդ հարցերն ուղղել համերգի կազմակերպչին՝ մենեջերներին:
«Այսուհանդերձ, ես ասում եմ, որ սա ահազանգ է, որը մենք պետք է օգտագործենք և մտածենք՝ ոնց անենք, որպեսզի այսպիսի ոչ պրոֆեսիոնալ մենեջերներ ի հայտ չգան և չկարողանան մատուցել այն, ինչ մատուցում են: Ի դեպ, ասեմ, որ նույն «Կարնեգի հոլում» լինում են շատ վատ հիմնարկներ, սա այն հիմնարկն է, որը ուղղակի վարձով է տալիս դահլիճը»,-ասաց Արմեն Բաբախանյանը և ընդունեց, որ, այո, շատ են եղել դեպքերը, երբ մեր բեմերը օտար երաժիշտների ու նրանց իմպրեսարիոների համար «գռդոն» օբյեկտ են հանդիսացել:
«Այո, Հայաստանում եղել են շատ համերգներ, ես չեմ ուզում անուններ ասել, և՛ Հայաստանի Ֆիլհարմոնիկն է ունեցել, ուղղակի հասել են մինչև վերջ, սկզբից մինչև վերջ նվագել, մարդիկ ծափահարել են և դուրս են եկել, հետո կուլուարներում սկսել են խոսել այն մասին, թե ինչ խայտառակություն է»,-ավելացրեց նա, ում հետ լիովին համամիտ էր կողքին նստած պրոֆեսոր, վոկալիստ Միքայել Հովակիմյանը:
Կարեն Դուրգարյանն ափսոսում է սխալ ճանապարհ ընտրելու համար, այսինքն՝ որ հանդիսատեսին ասվել է, որ համերգը հետաձգվում է երաժշտի՝ առողջական խնդիրների պատճառով:
«Որովհետև հանդիսատեսին չես կարող ասել, որ արտիստը պատրաստ չէ, միգուցե կարելի էր հանդիսատեսին ճիշտն ասել, որ իր ոչ պատրաստ լինելու պատճառով համերգը չի կայանում»,-ավելացրեց թատրոնի գլխավոր դիրիժորը:
Նա ամենևին էլ սկանդալ չի համարում կատարվածը, քանի որ կարծում է, որ թատրոնը պետք է հարգի իր հանդիսատեսին և վատ որակով, վատ պատրաստված ստեղծագործություն չհանի բեմ:
Այն, որ Կոնսալեսը Ռախմանինովի երկրորդ կոնցերտը կատարել է՝ 15 օր առաջ Իտալիայում, Կարեն Դուրգարյանի համար ոչինչ չի նշանակում, մանավանդ, որ այս ստեղծագործությունը Հայաստանում բազմիցս կատարվել է հայ դաշնակահարների կատարմամբ, և միշտ եղել են փայլուն արդյունքներ:
«Իտալիայում էլ շատ լավ դպրոց կա: Բայց PR անելով չի կարելի մեր հանդիսատեսի հետ խաղալ, որովհետև, նամանավանդ Ռախմանինովի երկրորդ կոնցերտը Հայաստանում շատ լավ գիտեն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մեղադրանքին, որ ր Դուրգարյանը տեմպը փոխել է համերգից 1,5 առաջ, ապա նա ընդգծեց, որ տեմպերը գրել է Ռախմանինովը և որ դրանք խախտել ուղղակի հնարավոր չէ: Եվ որ որևէ դիրիժոր չի կարող տեմպը ավելացնել, կամ պակասեցնել:










