Հակոբ Հակոբյանն էլ կարող է ֆիլմ նկարել, բայց եթե այն հավակնում է լայն վարձույթի, պետք է արտոնագրված լինի

09:34 • 10.02.15

Հայաստանում յուրաքանչյուր ոք, Հակոբ Հակոբյանն էլ կարող է ֆիլմ նկարել, և չի կարող սահմանափակել որևէ մեկի՝ ֆիլմ նկարելու մղումը: Այլ հարց է, որ որևէ մեկի ու այդ թվում՝ Հակոբ Հակոբյանի ֆիլմը, չի կարող հավակնել լայն վարձույթի, եթե չկա «լայն վարձույթի» համար համապատասխան մարմինների արտոնագրումը: Իսկ որևէ մասնագիտական հանձնաժողով նման արտոնագիր չի կարող ներկայացնել այն պարզ պատճառով, որ Հայաստանում առ այսօր չկա կինոյի մասին օրենք:


Tert.am-ի հետ զրույցում իրենց մասնագիտական կարծիքը ներկայացրին  «Ազգային կինոկենտրոնի» ղեկավար Գևորգ Գևորգյանը, ռեժիսոր, «Արմնյուզի» տնօրեն Հրաչ Քեշիշյանը և ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե Հայաստանում կինոյի մասին օրենքի բացակայության պայմաններում օրինաչա՞փ չէ, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կարող է ֆիլմ նկարել ու իր գեղագիտական ճաշակը մատուցել հայաստանյան հասարակությանը:


«Արգելել որևէ մեկին ֆիլմ նկարահանել, չի կարելի, ինչպես չի կարելի որևէ մեկին արգելել նկարել… ասենք՝ «Վերնիսաժում» նկար են ծախում, արգելել բոլորին նկարել, կամ ինչ-որ մեկին արգելել երաժշտություն գրել: Այլ հարց է, թե ինչպիսին կարող է լինել հետո այդ ֆիլմի ճակատագիրը»,-ասաց Հրաչ Քեշիշյանը:


Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի՝ լրատվամիջոցների համար ֆիլմի նախնական փակ նախադիտումից հետո, երբ ու այս ու այն կողմից հնչեցին մասնագիտական կարծիքներ, որ ֆիլմը, մեղմ ասած, լավը չէ, «Մոսկվա» կինոթատրոնը հրաժարվեց այն ցուցադրել, թեպետ հայտարարված էր, որ պրեմիերան կկայանա փետրվարի 10-ին: Երեկ էլ կինոթատրոնի տոմսարկղից հայտնեցին, որ ֆիլմի ցուցադրությունն անորոշ ժամանակով հետաձգված է:

 

«Դալմա»-ում գործող «Սինեմա սթար»-ում ևս հետ են կանգնել «Հիշողությունը» լայն հանդիսատեսին ներկայացնելու մտքից, քանի  փետրվարի 5-11-ի համար ցուցադրվող և ցուցադրվելիք ֆիլմերի մասին տեղեկույթում չկա «Հիշողությունը»:


Հրաչ Քեշիշյանի տեղեկացմամբ, որպեսզի նման ֆիլմերը էկրանին չհայտնվեն, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում պետք է լինի համակարգ, առանց որի թույլտվության՝ կինոն չպետք է հայտնվի էկրաններին:


«Օրինակ՝ երկու օրից պետք է լինի իմ ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում, ու ես անցել եմ մի շարք պրոցեդուրաներ. ֆիլմը նախօրոք, ամիսներ առաջ ուղարկվել է Ռուսաստանի մշակույթի նախարարություն՝ այն բաժինը, որ զբաղվում է «պրակատի» թույլտվությամբ, դիտել են ֆիլմը, ստուգել են բոլոր հեղինակային իրավունքները, տվել են բոլոր թույլտվությունները: Մասնավորապես՝ ֆիլմը ո՞ր տարիքի համար է նախատեսված, ստուգե՞լ են թույլատրելի և անթույլատրելի բաներ, օրինակ՝ խմելու, ծխելու, սեքսի և այլ տեսարանները, կադրերը, և դրանից հետո միայն տվել են թույլտվություն, որ իմ ֆիլմը կարող է բարձրանալ Ռուսաստանի կինոթատրոնների էկրան»,-Tert.am-ին ասաց Հրաչ Քեշիշյանը:

 

Նրա գնահատմամբ՝ նման կարգ պետք է լինի Հայաստանում: «Հիմա իմ որդին կարող է 1 րոպեանոց ֆիլմ նկարել, տանը նստել, հեռախոսով մոնտաժել, բայց դա չի նշանակում, որ այն պետք է ինչ-որ տեղ ցուցադրվի՝ մեծ վարձույթով»,-ասաց ռեժիսորը:


Նույն կարգը գործում է ԱՄՆ-ում. որևէ մեկը կարող է մեկ օրով կինոդահլիճ վարձել՝ իր ընկերների համար իր ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար, բայց դա, ըստ ռեժիսորի, դեռ չի նշանակում, որ ֆիլմը դուրս է եկել մեծ վարձույթ: Աշխարհում կիրարկվող մոդելն էլ այն է, որ արտոնագրումից հետո էլ հեռուստատեսություններն էլ որոշում են՝ գնե՞լ այդ ֆիլմի ցուցադրության իրավունքները:


«Ազգային կինոկենտրոնի» ղեկավար Գևորգ Գևորգյաննը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է ստացվել, որ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանը չի ունեցել կինոյի մասին օրենք:


«Նախ, շատ առաջ կինո չկար Հայաստանում, Խորհրդային միության քանդվելուց հետո մինչ 2006-2007թթ. Հայաստանում կինո կա՞ր, որ մի հատ էլ օրենք լիներ: Երկրորդ. այսօր Հայաստանում այնքան ոլորտներ կան, որ օրենսդրական կարգավորում չունեն»»,- բացատրեց Գևորգ Գևորգյանը:


Ներկայումս կինոկենտրոնի ղեկավարն իր մշակած նախագիծն ուղարկել է Ֆրանսիա՝ մասնագետների դատին, և Գևորգ Գևորգյանը հույս ունի, որ արդեն այս տարվա ընթացքում կփորձեն նախագիծը ներկայացնել և անցկացնել Ազգային ժողովով:


«Օրենքը շատ բան կկարգավորի։ Շատերը, որ ասում են՝ օրենք չկա, դրա համար էլ դրսի հետ մեր հարաբերությունները չեն ստացվում, այդպես չէ. օրենքն ավելի շատ մեզ համար է պետք, մեր հարցերը կարգավորելու: Օրենքը պետք է, որ նախ արտոնագրի համար կարգավորում մտնի, հետո թե ինչ ֆիլմեր են մտնում, նկարահանվում, որը պետք է արտոնագիր ունենա, ինչ ժանրի ֆիլմեր, ինչը կխթանի մեր կինոյի տարածմանը, մաքսային, հարկային հարցերը կարգավորվեն»,-ասաց Գևորգ Գևորգյանը:


Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ , ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կարող է ստացվել, որ Հակոբ Հակոբյանը կարող է ֆիլմ նկարել, նկատեց, որ աղմուկը չի հասկանում, քանի որ նախքան Հակոբ Հակոբյանն էլ նույն վիճակն էր:

 

«Ով ինչ ուզում, նկարում էր, բայց քանի որ Ցեղասպանության թեմայով չէր, էդքան ցավալի չընդունեցին: Բայց նույնքան ցավալի է ինձ համար, որովհետև ես նմանատիպ անճաշակություններում որևէ տարբերություն չեմ տեսնում»,-ավելացրեց ռեժիսորը:


Որպես ասվածի ապացույց՝ Էդգար Բաղդասարյանը նկատեց, որ երբ  «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում էր իր գնահատմամբ՝ վերջին 10-15 տարիների աշխարհի երևի լավագույն ֆիլմը՝ Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» (Birdman), դահլիճում 6 հոգի էր նստած:


«Սակայն այդ տհաս կոմեդիաների համար տոմս չկա, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- իր կարծիքը ներկայացրեց Էդգար Բաղդասարյանը:


Ի դեպ, Գևորգ Գևորգյանն այդ հարցում տարբերություն տեսնում է. «Կինո ամեն մեկը կարող է նկարահանել, բայց եթե իր ստեղծագործությունը նվիրվում է համամարդկային կամ հոգևոր, մշակութային արժեքներին, պետք է ունենա արտոնագիր: Չի՛ կարելի»:


Գևորգ Գևորգյանը նաև նշեց, որ իր ասածը կոնկրետ ֆիլմի մասին էլ չէ, քանի որ այն չի էլ դիտել:

 

 

 

 

Հակոբ Հակոբյանն էլ կարող է ֆիլմ նկարել, բայց եթե այն հավակնում է լայն վարձույթի, պետք է արտոնագրված լինի