Հնագույն ու միջնադարյան. Իսպանիայի ամենահայտնի ու ազդեցիկ ամրոցները` լուսանկարներով
Իսպանական ամրոցներից շատերը նախատեսված են եղել ո'չ թե գեղեցկության, այլ՝ սեփական հողերը պաշտպանելու համար: Ամրոցներն իրենցից հզոր, երբեմն նաև՝ ահաբեկող կառույցներ են ներկայացնում: Ամրոցներում երբեմն ապրել են տիրակալներ, երբեմն այնտեղ պահվել են կալանավորները, բայց ամենից հաճախ դրանցում տեղակայվել են զինվորականները:
Այժմ ամրոցներն Իսպանիայի գլխավոր տեսարժան վայրերն են, որոնց առաջարկում է ծանոթանալ Bigpicture.ru-ն` ներկայացնելով Կաստիլիայի ամրոցները (պատմական մարզ Իսպանիայում):
1. Լորկայի ամրոցը
Մուրսիա նահանգում գտնվող Լորկայի ամրոցը կառուցվել է որպես պաշտպանական միջնաբերդ և բավականին լավ է հաշվարկված եղել` հաշվի առնելով այն, որ ամրոցը երբեք չի հայտնվել հարձակվողների ենթակայության տակ: Այժմ մշակութային մեծ արժեք ներկայացնող կոթողը հայտնի է «Արևի ամրոց» անունով, որտեղ հաճախակի են իրականացվում երաժշտական միջոցառումները:

2. Կոկայի ամրոցը
Այս ինքնատիպ պաշտպանական ամրոցը 3 պատ ունի, իսկ 4-րդ կողմից այն պաշտպանված է բնական արգելապատ հանդիսացող անհաղթահարելի ժայռով:

3. Լա Մոտայի ամրոցը
Այս ամրոցը կառուցվել է 11-րդ դարում: Այն երկար ժամանակ գտնվել է Կաստիլիայի և Արագոնի արքաների տիրապետության տակ: 15-րդ դարում այն վերջնականապես վերածվել է կաստիլյան ամրոցի, որը ժամանակին բանտ է եղել, որտեղ պահվել են Էրնանդո Պիսարոն և Չեզարե Բորջիան:

4. Բելվեր ամրոցը
Այս ամրոցին ծանոթանալու համար զբոսաշրջիկները պետք է հասնեն Մալյորկա կղզի: Ամրոցի պատերն ու տանիքը կառուցված են նման հսկայածավալ կառույցների համար արտասովոր շրջանաձև ոճով: Այն երկար ժամանակ քաղաքական բանտ է եղել, այժմ այստեղ պատմության թանգարան է գործում:

5. Մանսանարես Էլ Ռեալ ամրոցը
Մադրիդից ոչ հեռու տեղակայված այս ամորցը հայտնի է նաև Դե լոս Մենդոսա անունով, քանի որ երկար ժամանակ հանդիսացել է Մենդոսա ընտանիքի նստավայրը: Այժմ այն թանգարան է:

6. Ալկասաբա դե Ալմերիա
Իսպանիայի հարավում տեղակայված ամրոցը հսկայական տարածք է զբաղեցնում` համալրված տներով և խանութներով: Մուսուլմանների ձեռքով կառուցված, ապա քրիստոնյաների կողմից վերանորոգված ամրոցը հայտնի է որպես «Ինդիանա Ջոնսը և վերժին խաչակրաց արշավանքը» և «Կոնան բարբարոս» ֆիլմերի նկարահանման վայր:

7. Պենիաֆիել ամրոցը
Այս ամրոցը, որը տեղակայված է Վալյադոլիդ նահանգում, 30 մետրանոց աշտարակներով նավ է հիշեցնում: Այն կանգնեցվել է 9-15-րդ դարերում և այսօր հանդիսանում է գինու յուրօրինակ թանգարան:

8. Օլիտ ամրոցը
Այն հայտնի է Պալասիո Ռեալ դե Օլիտ անունով: Ամրոցը լավ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու մեկ այլ իսպանական մշակույթի` հյուսիսային Նավարա ինքնավար մարզի մշակույթին:

9. Ալկասար դե Սեգովիա
Ի տարբերություն բազմաթիվ իսպանական ամրոցների` Սեգովիայի Ալկասար ամրոցը ապշեցնում է նրբաճաշակ գեղեցկությամբ: Այստեղ ապրել են բազմաթիվ արքայադուստրեր, որոնց թվում նաև Իսաբելլա Առաջինը, ով 1474-ին դարձավ Իսպանիայի թագուհին: Այժմ այս ամրոցը ևս թանգարան է, որտեղ ցուցադրվում է հարուստ ռազմական զինանոցը:

10. Ալգամբրա ամրոցը
Գրանադայի Ալգամբրա հնագույն ամրոցը հայտնի է նաև Կարմիր ամրոց անունով: Մավրիտանական ճարտարապետությունը հոյակապ է արտահայտված այս ամրոցում և հիանալի պահպանվել է` հասնելով մեր օրեր:











