«Քանզի հայ են». թուրք հեղինակը Ֆրանսիայում ներկայացրել է Հայկական հարցի մասին իր նոր գիրքը
Թուրք սոցիոլոգ, գրող, Ստրասբուրգում բնակվող Փընար Սելեքը ներկայացրել է իր նոր «Քանզի հայ են» գիրքը, տեղեկացնում է թուրքական Canli Haber կայքը:
Սա հեղինակի 7-րդ գիրքն է:
Գրքի շնորհանդեսին մասնակցել է 80 ֆրանսիացի: 90 էջանոց գիրքը վաճառվելու է 10 եվրոյով:
Գրքում հեղինակը նշում է, որ պատմական իրադարձություններին՝ քրդական ու հայկական հարցերին, Թուրքիայում տարբեր տեսանկյուններից են մոտենում:
Ֆրանսիացիները հետաքրքրվել են Ցեղասպանության, հայերի հանդեպ թուրքերի տեսակետի, երկխոսության մասին:
«Նոր գրքումս պատմում եմ, թե ինչպես, երբ փոքր էի, մայրս նրանց «մադամ» էր կոչում: Մայրիկիցս սովորեցի՝ քանզի հայ են»,- ասել է նա:
Սելեքն իր գրքում խոսել է «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը նախորդած ու հաջորդած դեպքերի մասին, պատմում է, թե ինչ զարգացում է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ՝ գիրքը պատմում է, թե Թուրքիայում ինչպես են սկսվել տարբեր շարժումները:










