Իսպանական հեռուստածրարգրերից մեկը նվիրվել է Հայոց ցեղասպանության շուրջ քննարկմանը, որին հյուրերը ներկայացել են անմոռուկի կրծքանշանով

00:08 • 11.02.15

Իսպանական La 2  հեռուստաալիքի  Para Todos La 2 («Բոլորի համար») ծրագրի եթերը փետրվարի 10-ին նվիրվել է Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներին:


«1915-ին` մեկ դար առաջ, տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի առավել դրամատիկ և արյունալի դրվագներից մեկը. մեկուկես միլիոն հայ զոհվեց Օսմանյան կայսրության ձեռքով, իրադարձություն, որը համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը», - նշել է հաղորդավարը:


Պատրաստված ռեպորտաժում ներկայացվել է, թե ինչպես են բռնի տեղահանել «Թուրքիայի տարածքում բնակվող հայերին, ովքեր իրենց դաշնակից էին համարում Թուրքիայի մեծագույն  թշնամի կայսրությանը` Ռուսաստանին: 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալվեցին հայ համայնքի 235  ներկայացուցչի: Հաջորդ օրերին թուրքական կառավարությունը ողջ հայ համայնքի տեղահանելու հրաման արձակեց: Հայերը ստիպված էին հարյուրավոր կմ-եր անցնել անապատով, որի ընթացքում շատերը մահացան ցրտից, քաղցից ու ծարավից:  Տեղահանություններից առաջ Թուրքիայում բնակվում էր մոտ 2 մլն հայ, իսկ կոտորածներից մեկ տարի անց` 10000-ը միայն:


Հաղորդմանը հյուրընկալվել են Միսլատա քաղաքում (Վալենսիա) գործող «Արարատ»  հայերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը և իսպանացի գրող և լրագրող Խավիեր Մորետը, ով վերջերս հրատարակել է «Արարատի հուշը. Ճամփորդությունը Հայաստանի արմատներով» գիրքը:


«Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող մոտ 10 մլն հայ բնակչությունը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, և այս կամ այն կերպ Ցեղասպանությունն իր ազդեցությունների թողել բոլորիս վրա և, միաժամանակ, բարեբախտաբար և դժբախտաբար,   պատճառ հանդիսացել հայոց մեծ ու հզոր Սփյուռքի ձևավորմանը (7 մլն), քանի որ բոլորս կրում ենք այն նույն ցավը, անգամ 100 և անգամ 200 տարի անց կկրենք», - ասել է Արարատ Ղուկասյանը:


«Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն դեռևս քիչ թվով երկրներ են ճանաչել այն, և այժմ ճիշտ ժամանակն է բազմաթիվ երկրների համար, այդ թվում նաև` Իսպանիայի ճանաչելու այն` հիշատակելով միլիոնավոր զեհերին», - ընդգծել է Խավիեր Մորետը:


Իսպանացի գրողը  խոսել է  նաև իր հեղինակած գրքի մասին, որում ներկայացրել է հայոց մշակույթը, երկրի  կրոնական պատմությունը, որը 301-ին առաջինն է պաշտոնապես ճանաչել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն:


Արարատ Ղուկասյանը նաև մանրամասներ է ներկայացրել հայերի բնաջնջման թուրքական ծրագրի մասին:


Նշենք, որ հաղորդման ժամանակ հյուրերը կրել են հայոց դրոշի տեսքով կրծքանշանն ու Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը:


 

 

Իսպանական հեռուստածրարգրերից մեկը նվիրվել է Հայոց ցեղասպանության շուրջ քննարկմանը, որին հյուրերը ներկայացել են անմոռուկի կրծքանշանով