Բեռլինալեում «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն առաջացրել է հանդիսատեսի ծիծաղը (լուսանկարներ)
Աղմկահարույց «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի պրեմիերան երեկ կայացել է Բեռլինի կինոփառատոնի շրջանակում։ Գլխավոր դերակատարներ Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը, ինչպես նաև ռեժիսոր Սեմ Թեյլոր Ջոնսոնը և համանուն վեպի հեղինակ Էրիկա Ջեյմսը ժամանել են Գերմանիայի մայրաքաղաք՝ ֆիլմը ներկայացնելու համար, գրում է Корреспондент-ը։
Հանդիսատեսի արձագանքը բավականին անսպասելի է եղել։ Համաձայն լրագրողների տեղեկությունների՝ ֆիլմի ցուցադրության ժամանակ դահլիճում չի լռել ծիծաղը։ Հավաքվածներին հատկապես ուրախացրել է տեսարանը, որտեղ սիրո գիշերից հետո, Քրիստիան Գրեյը գնում է հյուրասենյակ՝ դաշնամուր նվագելու։
Բարձր ծիծաղով են ուղեկցվել նաև գլխավոր հերոսների գրեթե բոլոր երկխոսությունները և մելոդրամատիկ տեսարանները։ Անձնական ինքնաթիռ, պենտհաուս, շքեղ մեքենաներ և գաջեթներ. ֆիլմը դիտողների համաձայն` այդ ամենն այն վերածում է շքեղ կյանքի մեծ գովազդի։







































