Christie's-ի ժամանակակից արվեստի նմուշների վաճառքից 117 մլն ֆունտ եկամուտ է ստացվել
Լոնդոնում չորեքշաբթի կայացած Christie's աճուրդի տան ժամանակակից և հետպատերազմյան ժամանակաշրջանի նմուշների վաճառքը 117.1 մլն ֆունտ ստերլինգի եկամուտ է բերել, հայտնում է РИА Новости-ն։
Ամերիկացի աբստրակցիոնիստ Սայ Տվոմբլիի «Անանուն (Նյու Յորք)» կտավը վաճառվել է 19.7 մլն ֆունտ ստերլինգով։
Աբստրակցիոնիստ Գերհարդ Ռիխտերի «Լյուցերնի լիճը» կտավը վաճառվել է 15.8 մլն ֆունտ ստերլինգով։ Աշխատանքն արվել է 1969-ին։ Վերջին անգամ այն գնել են 1973-ին անձամբ նկարչից՝ անմիջապես Մյունխենում կայացած Մեծ ցուցադրությունից հետո։
10 մլն ֆունտ ստերլինգով վաճառվել է էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Գլխի էսքիզ» կտավը։
Ռիխտերի 9-14 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ «Կարմիր» կտավը վաճառվել է 9.6 մլն ֆունտով։ Ժան- Միշել Բասկիայի «Երեք պատգամավոր» կտավն աճուրդում գնել են 4.4 մլն ֆունտով, իսկ Տվոմբլիի «Պոմպեյի կործանումը» նկարը՝ 4.4 մլն ֆունտով։
Կրկին Լոնդոնում կայացած Sotheby's աճուրդում ռեկորդային 41 մլն եվրոյով վաճառվել է Ռիխտերի «Աբստրակտ կտավ» անվանումով նկարը։











