Հրանտ Մաթևոսյանն իր մեջ կրում է և՛ մեր ազգային կնճիռը, և՛ ապագայի տագնապը. գրականագետ
Tert.am-հետ զրույցում գրականագետ Լիլիթ Սեյրանյանն ասաց, որ Հրանտ Մաթևոսյանի մասին խոսելու, ընկալելու համար մարդ պետք է հասունանա:
«Մաթևոսյանն իր մեջ կրում է և՛ մեր ազգային կնճիռը, և՛ ապագայի տագնապը: Այսինքն՝ մարդ, ով արմատի խլրտումն է զգում և միաժամանակ ճախրելու հնարավորությունը և անհնարինությունը: Եվ այդ հնարավորը և անհնարը միացնելով իրար մեջ՝ ստեղծում է գրականություն»,-ասաց նա:
Լիլիթ Սեյրանյանը նշեց, որ ինքը Մաթևոսյանի կերպարում տեսել է այդ խորքային՝ հողի և ազգային երկնքի զգացողությունը, սակայն, այնուամենայնիվ մշտական տագնապը, ներքին տառապանքը, հողի ծանրությունն այնուամենայնիվ կաշկանդում է ինչ-որ առումով:
«Մաթևոսյանը շատ բարդ երևույթ է, իր կերպարի նկատմամբ ես խոնարհում ունեմ, սակայն ես ավելի շատ կուզենայի ինքն իր գրականությամբ շարունակված լիներ դեպի երկինք»,-ասաց նա:
Ըստ գրականագետի՝ Հրանտ Մաթևոսյանի գեղարվեստական խոսքը դեռ պետք է բացվի. «Մաթևոսյանն ավելին գիտի, քան ասում է իր գեղարվեստական խոսքում»։
Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լավը չես, մեջդ վրեժ չկա……………………….. Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ, գովում ու ծիծաղում է՝ իբր թե լավն ես, խղճով ես, եւ էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտքերի տակ վառվում էր… բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս՝ երբ է գեղեցիկ. երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է...
Հրանտ Մաթևոսյան










